«Անդրանիկ Հովհաննիսյանն  իր վարույթի մասին տեղեկություն ստանալու խնդրանք կամ դիմում մեզ երբևէ չի ներկայացրել». ՄԻՊ գրասենյակի պատասխանը երկրից արտաքսված երիտասարդին

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և նրան արտաքսել երկրից:

Այդ ժամանակվանից ի վեր վերջինս փորձում է վերադառնալ հայրենիք, սակայն ապարդյուն:

168.am-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին:

Անդրանիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր նաև, որ դիմել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Երեկ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մինչ օրս իր խնդրին որևէ հստակ լուծում չի տրվել, և ՄԻՊ գրասենյակում իր դիմումն ըստ էության առկախված է:

«Ամիսներ առաջ դիմում էի ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ հույս ունենալով, որ ՄԻՊ-ը կզբաղվի իմ հարցով և կկարողանա վերականգնել իրավական արդարությունը: Մի քանի օր անց ՄԻՊ-ի աշխատակազմի քրեական արդարության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչությունից ինձ տեղեկացրեցին, որ բողոքն ընդունվել է։ Սակայն մինչ օրս խնդրին որևէ հստակ լուծում այդպես էլ չի՛ տրվել։

Համբերատար սպասելով ՄԻՊ-ի հստակ արձագանքին, շաբաթներ առաջ որոշեցի զուգահեռ դիմել ՀՀ Ազգային ժողովի բոլոր՝ 132 պատգամավորներին, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրենց՝ իմ հարցով դիմել ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա անձամբ զբաղվի իմ հարցով և տա հստակ լուծում՝ վերականգնելով իրավական արդարությունը»,- գրել է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ, ցավոք, 2020 թվականի մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների վիճակի մասին տարեկան հաղորդման ելույթում չանդրադարձավ իր հետ կատարված խնդրին։

168.am-ը դիմեց ՄԻՊ գրասենյակ` ցանկանալով հասկանալ, թե արդյո՞ք վարույթ ընդունվել է երկրից արտաքսված երիտասարդի դիմումը, և առհասարակ ինչո՞ւ վերջինս տեղյակ չէ իր գործի ընթացքից:

ՄԻՊ մամլո խոսնակ Նունե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Հովհաննիսյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կա ընթացիկ վարույթ, և այդ մասին քաղաքացին տեղյակ է:

«Վարույթ նախաձեռնելուց անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է գրավոր հաղորդակցություն իրավասու մարմնի հետ»,- ասաց ՄԻՊ մամլո խոսնակը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ Անդրանիկ Հովհաննիսյանն  իր վարույթի մասին տեղեկություն ստանալու խնդրանք կամ դիմում իրենց երբևէ չի ներկայացրել։

«Ինչ վերաբերում է ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման քննարկմանը, ապա սահմանված ձևաչափը հնարավորություն չի տալիս Պաշտպանին ելույթը կառուցել անհատական գործերի հիման վրա»,- եզրափակեց Նունե Հովսեփյանը:

Տեսանյութեր

Լրահոս