«Հային սեփական հայրենիքից վտարելը խայտառակություն է»․ Անդրանիկ Հովհաննիսյանը դարձյալ դիմում է վարչապետին. նա հույսը չի կորցրել

168.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանից արտաքսված՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը դիմել է  ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ հույս ունենալով, որ նրանք կզբաղվեն իր խնդրով և կկարողանան վերականգնել իրավական արդարությունը:

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ին ուղղված հարցման մեջ խնդրել է ներկայացնել կոնկրետ այն մեղադրանքները, որոնք պատճառ են դարձել Հովհաննիսյանին հայրենիքից արտաքսելու համար։ Սակայն, այսօր Անդրանիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ից Նաիրա Զոհրաբյանին էլ են ուղարկել այն պատասխանը, որը տվել էին ԶԼՄ-ներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:

168․am-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, սակայն։ ԱԱԾ պատասխանը հետևյալն էր․ «Հայտնում ենք, որ Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքն արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի պահանջների համաձայն, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ի միջոցով տեղեկացվել է՝ ի պատասխան հարցման ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը»:

Համաձայն հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

168․am-ի հետ զրույցում Անդրանիկ Հովհաննսիյանն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարածված «հայտնի ապատեղեկատվությունն է ներկայացվել։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղարկված դիմումին, Հովհաննիսյանն ասաց, որ բողոքն ընդունվել է քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնահարվել է Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության մասնագետ Վ․Փայտյանին։

«Ես բազմիցս նշել եմ, որ դեպքի առաջին իսկ օրվանից անձնական նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով և վերականգնել իրավական արդարությունը: Ցավոք, վարչապետի աշխատակազմից որևէ պատասխան մինչ օրս չեմ ստացել։ Այնուամենայնիվ, ես չեմ հուսահատվել և որոշել եմ ևս մեկ անգամ դիմել վարչապետին՝ անձնական նամակով և ներկայացնելով իմ հարցի բովանդակությունն իր ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում։Իհարկե, հային սեփական հայրենիքից վտարելը խայտառակություն է, բայց ես այդ անարդար և ակնհայտ հակաօրինական դեպքից հետո որևէ մեկի, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հանդեպ չարացա՛ծ չեմ։ Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, և մենք պարտավոր ենք միմյանց հարգել»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց․«Այս անհեթեթության հետևանքով արդեն 5-րդ ամիսն է՝ չեմ կարողանում վերադառնալ Հայաստան։ Վերջին 8 տարում՝ հայրենադարձելուց հետո, սա ամենաերկար ժամանակն է, որ ես ֆիզիկապես կտրված եմ իմ հայրենիքից՝ Հայաստանից»։

Հարցին՝ այս ընթացքում մտաբերե՞լ է «Օրբելի» կենտրոնում իր գրած որևէ հոդված, իր կողմից արված որևէ քայլ, որը կարող էր նման խնդրի պատճառ դառնալ, նա պատասխանեց․ «Ինձ բոլոր ճանաչողները կհաստատեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը վնաս կհասցնի իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին։ Մեղադրանքն ինքնին աբսուրդային է, այն որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ։ Հայաստանում բնակվելիս՝ ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում, որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։ Ավելին, որևէ քննչական գործողություն ո՛չ այս ընթացքում, ո՛չ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել․ ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունից, ո՛չ էլ Ոստիկանությունից ինձ հետ երբևիցե չեն կապվել»։

Տեսանյութեր

Լրահոս