«Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական ու կարևոր ենք համարում». Փաշինյան

Եթե անհրաժեշտություն լինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ ԼՂՀ հարցով քննարկման կգնա: Թեև վարչապետի խոսքից կարելի է մտածել, թե նման անհրաժեշտություն չկա:

«Բայց կարծում եմ, որ, համենայն դեպս, կա այսպիսի հանգամանք,  նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման համակարգում, համենայն դեպս, էն ինֆորմացիան, որի կարիքը ես մինչև էս պահն ունեցել եմ, առկա է, այսօր իմ ձեռքի տակ է»,- այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով  հակամարտության կարգավորման ձևաչափին՝ Փաշինյանը նշեց, որ բազմիցս հայտնել է ու կրկնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում կամ լուծում չի պատկերացնում՝ առանց բանակցություններում Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության, ու նրանց մասնակցությունը կարևոր է և էական:

«Խոսք է գնում այն մասին, որ Արցախին մեզ չի հաջողվել վերադարձնել բանակցային սեղան, այնպես, ինչպես Արցախին չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում, երբ որ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում, և էդպես եղել ա լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք ա բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Եվ սա իր հետ բերում ա որոշակի բարդություններ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե բանակցային սեղանի շուրջ լինի, քննարկվի մի տարբերակ, որը արժանի կլինի չմերժելու, ապա այդ հարցը կներկայացվի ժողովրդին, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հարցի լուծողը ժողովուրդն է:

«Ինչի՞ Ղարաբաղի հարցը կարող ա լուծվեր մի մարդու քմահաճույքով: Էդ ո՞վ ա էդ մարդը, ես ուզում եմ իմանամ»,- հռետորական հարց ուղղեց Փաշինյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ կաշկանդել, բայց վստահեցրեց՝ իրենց բանակցություններում կաշկանդել չի ստացվի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս