«Մաքսանենգ ճանապարհով Հնդկաստանից Հայաստան են ներմուծվում ադամանդներ, դառնում «հայկական» և արտահանվում՝ առանց ոչ մի հարկ մուծելու». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը և այն վերնագրել` «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:

«Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարել է Միքայել Մինասյանը:

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասել է նա:

Տեսահոլովակում Միքայել Մինասյանի նշում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով:

«Այս անգամ խոսելու եմ ադամանդագործության մասին: Հնարավորինս փորձեմ պարզ պատմեմ նոր սխեման, որովհետև Նիկոլ Փաշինյանը աշխատելու փոխարեն նստում է իր սիրելի օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ, նստում և մշակում են նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգային հեղինակության հաշվին: Սխեման հետևյալն է. Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից: Հնդկաստանից ներմուծվում են ադամանդներ, դառնում են դրանք «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փասթաթղթերի ամբողջ փաթեթը, թե ոնց դրանք դարձան հայկական, և հայկական կվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են երկրներ: Դեռ չասենք՝ որ երկրներ, ինչքան: Այսպես ասեմ՝ հայկական կվոտաներով արտահնավում են երկրներ՝ առանց մուծելու ոչ մի հարկ, ոչ մի մաքսային հարկ, ոչինչ:

Ապացո՞ւյց: Խնդրեմ: Ձեզ հետաքրքիր բան ասեմ: Ըստ պետական վիճակագրության, Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է ավելի քան 20 միլիարդ: Որպեսզի դու այդ 20 մլրդ-ի ադամանդները կարողանաս աշխատես, ստեղծես, ինչպես ասում են՝ փոլիշ անես, փայլեցնես, կազմակերպես այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների, Հայաստանում պետք է լինեն ավելի քան 1400 աշխատող: Թիվը, իրականում, աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8.7 տոկոս: Բայց, հետաքրքիր է, որ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ: Հետևաբար, անհնարին է այդ քանակը անել եղած մարդկանցով: Հայաստանում այդպիսի բան անելու համար պետք են մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրաէներգիա, հարկ պետք է վճարեն այդ 1400 հոգու համար: Այդ ամենը չկա: Կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի:

Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից, որովհետև այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- նշել է Միքայել Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս