ԲԴԽ-ն կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 15-ին կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Այս մասին նիստի ժամանակ հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«ԲԴԽ-ն կդիմի Սահմանդրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ ԲԴԽ անդամ Հայ Հովաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը կասեցնել՝ մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»,-նշել է Վարդազարյանը։
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:
ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն և պնդել, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել:
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 23-ին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։
ԲԴԽ անդամ Արմեն Հայկայանցը միջնորդել էր հետաձգել քննարկումը՝ նշելով, որ ինքը նոր է ստաձնել ԲԴԽ-ի անդամի պաշտոնը և ծանոթ չէ գործի մանրամասներին։