ՌԴ-ից Հայաստան գալու նախապատվությունը տրվելու է դեսպանությունում ցուցակագրված անձանց
Երեկ՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 15-ից վերականգնվելու են Ռուսաստանից կանոնավոր չվերթերը:
168.am-ը փորձեց Տիգրան Ավինյանի աշխատակազմից ճշտել, թե արդյո՞ք Հայաստան գալ ցանկացող բոլոր քաղաքացիներն են կարողանալու գալ Հայաստան, արդյո՞ք հնարավոր կլինի Հայաստանից մեկնել Ռուսաստան, և արդյո՞ք մեկուսացվելու են քաղաքացիները:
Փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնեց, որ այժմ ՀՀ-ից ՌԴ իրականացվող թռիչքների հարցը չկա: Ինչ վերաբերում է ՌԴ-ից Հայաստան թռիչքներին, ապա, Վ. Հունանյանի փոխանցմամբ, նախապատվությունը տրվելու է դեսպանությունում ցուցակագրված անձանց:
«Կանոնավոր պարբերականությամբ թռիչքներ են տեղի ունենալու, բայց հիմա գալու են այն մարդիկ, ովքեր գրանցված են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ցուցակներում: Օրինակ, այսօր կա թռիչք, թռիչք կա նաև երկու օր հետո, այսինքն՝ իրենք կանոնավոր պարբերականությամբ ու սահմանափակ քանակությամբ թռիչքներ են լինելու: Սա լինելու է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար՝ հերթագրման ցուցակով»,- ասաց Վահան Հունանյանը:
Տեղեկացնենք, որ այդ ցուցակն առկա է նաև ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Ինչ վերաբերում է ժամանող քաղաքացիներին, ապա նրանք Հայաստան ժամանելուց անմիջապես հետո պարտադիր ինքնամեկուսացվելու են, անգամ, եթե նույն օրը կամ մեկ օր առաջ Ռուսաստանում բացասական արդյունքով կորոնավիրուսի թեստավորում անցած լինեն:
«Կարող է՝ մարդը թեստը հանձնել է մի օր առաջ, ու կարող է՝ այդ ընթացքում հանկարծակի վարակվել է: Որպեսզի անվտանգության բոլոր կանոնները պահպանվեն, իրենք գալիս են, 14 օր ինքնամեկուսանում են»,- ասաց Վահան Հունանյանը:
Հ.Գ. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից՝ ՀՀ-ից դեպի ՌԴ թռիչքների մասին պարզաբանումներ ստանալ մեզ դեռ չի հաջողվել: