Կառավարությունում տեղյակ չեն՝ ով է վարչապետին տվել կումունալները չվճարած քաղաքացիների հեռախոսահամարները. տեղեկությանը չեն տիրապետում
Դեռևս ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում էր ՀՀ այն քաղաքացիներին, որոնց էլեկտրաէներգիան անջատել էին վճարումները չկատարելու պատճառով:
Քանի որ բաժանորդի հեռախոսահամարը համարվում է անձնական տվյալ, հարց էր ծագում՝ ինչպե՞ս են կոմունալ վճարումները չկատարած մարդկանց հեռախոսահամարները հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում։
Հարցի պատասխանը ստանալու համար 168.am-ը հարցում ուղարկեց Կառավարություն՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են վարչապետին հասու դարձել քաղաքացիների հեռախոսահամարները։
Խնդրել էինք նաև տեղեկացնել՝ վարչապետին քաղաքացիների անձնական տվյալները փոխանցվե՞լ են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն, եթե այո՝ խնդրել էինք հղում անել օրենքի այն դրույթին, որի շրջանակում էլ վարչապետին կարող էին փոխանցվել մարդկանց հեռախոսահամարները։
Ի պատասխան մեր հարցման՝ Կառավարությունից հայտնել են.
«Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում անձնական տվյալ փոխանցողը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, հայտնում ենք, որ տեղեկությունները տրամադրել հնարավոր չէ»։
Նկատենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում՝ նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
Այսինքն՝ մենք Կառավարությանը հարցրել ենք, թե ինչպե՞ս են վարչապետի սեղանին հայտնվել կոմունալ վճարումներ չկատարած քաղաքացիների հեռախոսահամարները, Կառավարությունից մեզ պատասխանել են միայն՝ չունեն տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իրենց լիազորությունից դուրս է գտնվում։