Բաժիններ՝

«Մասնավոր հողը համայնքային դարձնելու տարբերակներ պետք է գտնեն, ոնց ուզում են՝ թող գտնեն». Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչը՝ թաղամասում դպրոց չունենալու մասին

Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների նամակները դեռ պատասխան չեն ստացել: Նրանք մայիսի 5-ին դիմել էին Երևանի Քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն: Բնակիչները դժգոհում են, որ 1500 բնակարանից բաղկացած թաղամասում, որտեղ 10.000 բնակիչ է ապրում, առանց այդ էլ հագեցած է շենքերով ու ավտոտնակներով, և որտեղ չկան դպրոց ու մանկապարտեզ, ևս մեկ բազմաբնակարան շենք են ցանկանում կառուցել: Մոտակա անվճար դպրոցը 2 կմ հեռու է թաղամասից, իսկ տրանսպորտ չկա:

«Նամակների պատասխանները դեռ չենք ստացել: Քաղաքապետարանից չի հաջողվում պարզել, թե ի՞նչ փուլում է նամակը, բայց ընթացքի մեջ է: Քաղաքաշինության կոմիտեից ասացին, որ պատասխանը հաջորդ շաբաթ կլինի: ԿԳՄՍՆ-ից էլ ասացին, որ նամակը երկու վարչության է մակագրված՝ գույքի կառավարման վաչությանը և հանրակրթական վարչությանը: Սա արդեն մեզ հուսադրում է, որ մեր նամակների վրա աշխատում են: Ասացին, որ մեր ասուլիսն էլ դիտել են, մեր նշած հիմքերն ընդունում են, որ քաղաքը պետք է նախագծով դպրոց ու մանկապարտեզ ունենա: Հիմա պետք է  վերադառնան նախնական փուլին, ինչը դժվար է, կամ պետք է քանդվի այն տարածքում կառուցված շինությունը, որտեղ ի սկզբանե նախատեսված է եղել դպրոց ու մանկապարտեզ, կամ պետք է այն տարածքը, որտեղ մենք ենք ուզում, որ դպրոց լինի, և որը մասնավոր հող է, համայնքային դարձնելու տարբերակներ գտնեն: Մենք հետևողական ենք լինելու, որ գտնեն, ոնց ուզում են՝ թող գտնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով՝ բնակավայրին մոտ գործող միակ դպրոցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարովի դպրոցն է, որը կառուցվել է սոցիալական նախագծի անվան տակ: Դպրոցի վարձը 1.5 մլն դրամ է, մանկապարտեզինը՝ 160 հազար դրամ: Թաղամասի բնակիչ Լիաննա Լոբյանը մեզ հետ զրույցում անհանգստություն հայտնեց, որ «Գազպրոմը»  ևս կարող է խանգարել նոր դպրոցի կառուցմանը:

«Կարծում եմ՝ «Գազպրոմը»  հենց ինքն ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի այդտեղ  դպրոց կառուցելուն: Դա ուղղակիորեն ազդելու է՝ որպես դպրոց, իր ծավալների վրա: Հանրակրթական դպրոց մոտ տարածքում շատերը կնախընտրեն, եթե հատկապես լավը լինի, լավ անձնակազմով, լավ պայմաններով: Մենք նախատեսում ենք, որ լինելու է իրենց կողմից խոչընդոտում, մեր քայլերում հաշվի ենք առնելու նաև դա: Մենք վիճարկելու ենք ի վնաս մեզ կայացված ցանկացած որոշում: Մենք ասելով՝ նկատի ունեմ այն 10.000 բնակչին, որոնք այստեղ ապրում են: Ներքին քննարկումներ կան, որոնց մասնակցում է մեծ մասը բնակչության, բոլորի տրամադրվածությունն այդպիսին է»,- ասաց Լոբյանը:

«Սկզբից իշխանությունների կողմից կամքը պետք է լինի, հետո անցնենք մասնավորի քմահաճույքներին, գործի լավ ու վատ լինելու: Մի հատ հասկանանք՝ իշխանությունն այդքան կամք կդրսևորի՞, հետո «Գազպրոմը»  թույլ կտա՞, թե՞ չէ: Բնական է, հակված  կլինեն, որ չթողնեն, առանց այդ էլ մեր ունեցած տվյալներով՝ իրենց դպրոցը մեծ պահանջարկ չունի»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների պնդմամբ՝ այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու բոլոր հիմքերը կան, հատկապես որ, իրենք զրուցել են կառուցապատողի հետ, և նա դեմ չէ իր շինարարությունն այլ տեղում անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս