Բաժիններ՝

«Վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»․նախարարի տեղակալ

«Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը եզակի կամ բերովի դեպք էր, այնուհետև էպիդեմիան արդեն անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում: Այսինքն, դրանք կարող էին լինել ընտանիքներ, որոշակի արտադրամասեր, իսկ այժմ էպիդեմիան Հայաստանում արդեն անցել է երրորդ փուլին, որը վերջին փուլն է և տարածվածությամբ է բնորոշվում։ Իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության համայնքային փոխանցում, տարածում,- այսօր ասուլիս ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ մանրամասնելով,- Այսինքն, եթե առաջին օրերին կարողանում էինք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից է եկել՝ դա կլիներ այլ երկրներից ՀՀ այցելած անձ, թե սերտ շփված կոնտակտավոր անձ, ապա վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե անձը ումից է վարակվել և համաճարակաբանական միջոցառումները հնարավոր չի լինում արդյունավետորեն իրականացնել։ Մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարել էպիդեմիան»։

Անդրադառնալով դիահերձման խնդրին՝ նախարարի տեղակալն ասաց, որ ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ։

«Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալ նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան, որի պարագայում արդեն կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք դիահերձում իրականացնել»,- նշեց Լենա Նանուշյանը։

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արհեստական շնչառության 100 սարք է ձեռք բերվել, ներկայումս գնման գործընթացում է գտնվում 70 սարք։ Ձեռք են բերվել սարքեր, որոնք օգտագործվում են և՛ ինվազիվ դեպքերի համար, և ոչ ինվազիվ։ Ներկայումս 6 հոգի է միացված արհեստական շնչառության սարքերին։

«Թվերի աճի դեպքում մեր ռազմավարությունը նույնպես փոխելու ենք և արդեն իսկ փոխում ենք։ Մեկուսացման ուղարկելու հատուկ վայրերում, որոնք հիմնականում հյուրանոցներ էին, մենք հիմա փոխելու ենք և այդ վայրերում տեղակայելու ենք այն հիվանդներին, ովքեր որևէ կլինիկական ախտանշաններ չունեն։ Փորձելու ենք հիվանդներին տուն ուղարկելուց զերծ պահել, բայց երբ չենք կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը նույն այդ հյուրանոցներում և հիվանդանոցներում, անցնելու ենք մյուս մշակված ռազմավարությանը։ Թեթև դեպքերի դեպքում նրանց թողնելու ենք տանը և հսկողություն ենք իրականանցելու։ Մեր բնակիչներին հորդորում եմ պահպանել բոլոր այն կանոնները, որոնք հաստատվել են պարետի կողմից, պահել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, ձեռնոց։ Բոլորին դիտարկեք որպես կորոնավիրուս ունեցող անձի և կիրառեք միջոցները, որոնք հորդորում ենք։ Երբ բոլորս միասին միավորենք մեր ուժերը, կկարողանանք կառավարելի դարձնել այս համաճարակը և բոլոր այն սարքավորումները, որոնք ձեռք են բերվել, հնարավոր կլինի կիրառել անհրաժեշտության դեպքում և չենք ունենա դեպքեր, երբ մարդը արհետսական շնչառության սարքի կարիք կունենա, բայց, ցավոք, այն իր համար առկա չի լինի։ Եվ այս դեպքում կունենանք շատ մահեր»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս