2 և ավելի երեխա ունեցող ընտանիքները հիպոթեքի կանխավճարի մինչև 50% աջակցություն կստանան

Կառավարությունը միաձայն հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նախագծի նպատակն ու խնդիրն է՝ աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

«Ծրագրերը երեքն են: Առաջինը՝ վարկային միանվագ աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիպոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը, երկրորդը՝ կանխավճարի ապահովագրության համար աջակցությունն է երիտասարդ ընտանիքներին, երրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցություն հիպոթեքային վարկ մարող ընտանիքներին»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ 2020 թ. պետական բյուջեով այս ծրագրերի համար արդեն նախատեսված է 526 մլն 760 հազար դրամ: Առաջին ծրագիրն ունի 245 շահառու, երկրորդը՝ 540, երրորդը՝ 300: Շահառու համարվում է ոչ թե՝ ընտանիքը, այլ՝ դիմող անձը: Այսինքն, եթե երեխայի ծնվելու ժամանակ ծնողները բաժանված են, կամ առկա է այլ փաստ, դա չի բացառում ծրագրից օգտվելու հնարավորությունը: Միանվագ աջակցության ծրագիրը վերաբերում է հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքին:

«Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով: Ձեռք բերվող գույքի համար կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %-ը: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ»,- ասաց Բաթոյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորեցրեց, որ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու դեպքում Կառավարությունը փոխհատուցելու է նաև կանխավճարի ապահովագրության 90 տոկոսը:

«Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։ Ստացվում է, որ շահառուին ապահովագրության համար մնում է վճարել 10-20 հազար դրամ»,- ասաց Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց թվերին ավելի մանրամասն ծանոթանալ, բայց Զարուհի Բաթոյանն ասաց, որ մարդկանց տեղեկացնելու են ծրագրերի մասին առանձին-առանձին, ինչին վարչապետն արձագանքեց.

«Հանկարծ չպարզվի, որ վերջին տողում գրված է՝ բացառությամբ, և 300 տողանոց շարք է, որ ոչ մեկի չի վերաբերում, ինչպես հաճախ պատահում է»:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ, եթե ընտանիքն օգտվում է նաև այլ ծրագրերից, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրին, որն առավել շահավետ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս