«Շոուն նոր է սկսվելու. սա խայտառակություն է և առնչվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ առնվազն կույր պետք է լինել՝ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի արտահայտությունների մեջ խնդիր չտեսնելու համար:

Հիշեցնենք, որ պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են նաև մարդիկ, որոնք բանկերում ունեն մի քանի միլիոն դրամի ավանդ, ասել էր, որ դրանից հետո սոցիալական ցանցերում սկսվել են քննարկումներ. «Նայում եմ, սոցիալական ցանցերում մի վայնասուն է՝ ժողովուրդ, ձեր բանկային գաղտնիքները պաշտպանված չեն, ձեզ հետևում են։ Ով այդպես է կարծում, ինքը կա՛մ բութ է, կա՛մ սրիկա»։

Իրավաբանն ընդգծեց, որ Բաբկեն Թունյանի հայտարարությունները ոչ միայն պետք է քննության առարկա դառնան Էթիկայի հանձնաժողովում, այլև ինքն իր գործընկերների հետ հիմա ուսումնասիրություն է կատարում՝ նրա դեմ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Ռոբերտ Հայրապետյանը նաև նշեց, որ իշխանություններն անում են հայտարարություններ, տալիս են պիտակավորումներ, որակումներ, հաջորդ օրը ներողություն են խնդրում, կամ ասում են, որ դա նկատի չունեին.

«Ես մեծապես նպատակ ունեմ Բաբկեն Թունյանին ենթարկել պատասխանատվության, որ ոչ միայն նա, այլև իր գործընկերները հասկանան, որ ժողովրդի մասին խոսելիս՝ պարտավոր են ընտրել իրենց արտահայտությունները, մտքերը ձևակերպեն այնպես, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ չառաջացնեն»:

Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, նա ասաց, որ շոուն կսկսվի, երբ օրենքը մտնի ուժի մեջ. «Բնականաբար, իշխանությունը կունենա ևս մեկ գործիք և կսկսի այն թափահարել ընդդիմախոսների դեմ: Ինչպես այս իշխանափոխությանը հաջորդեցին ձերբակալություններ, կսկսեն նույն շոու-ծրագրի շրջանակում ապօրինի բռնագանձումներ կատարել, ցանկացած ընդդիմախոսի համար այդ օրենքը կկիրառեն գործիք, իրենց համար ոչ ցանկալի անձանց կսկսեն ունեզրկել, որի արդյունքում տեղի կունենա նաև սեփականության վերաբաշխում: Այս օրենքի շրջանակում բանկային գաղտնիքը կխախտվի բազմաթիվ անգամներ: Ուզում եմ բառացի ցիտել արդարադատության նախարարին, որն ասել է, որ այս օրենքն այն օրենքը չէ, որի շրջանակում թալանված գույքը պետք է վերցվի և վերադարձվի քաղաքացիներին: Այսինքն՝ այս օրենքը որևէ կերպ չի ազդելու բնակչության սոցիալական բարվոքության վրա. «թալանված» գույքը վերցվելու է անձից և փոխանցվելու է մեկ այլ անձի, ով այսօր իշխանության մերձավոր շրջապատում է  գտնվում և անհագ ցանկություն ունի դառնալ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ խոշոր սեփականատեր»:

Խոսելով համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մասին, որի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավաբանն ասաց, որ դա խայտառակություն է. «Սա առնչվում է բոլորին՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին: Ըստ գործող կարգավորումների, եթե քաղաքացին սխալ կամ թերի ներկայացնի հայտարարագիրը, դրա համար ենթարկվում է վարչական պատասխանատվության, դրանից հետո՝ նաև քրեական պատասխանատվության»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս