Մարուքյանը դուրս եկավ ՀՔԾ-ից. հարցաքննությունը տևել է երկու ժամ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն՝ մայիսի 8-ին ԱԺ-ում իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին բացատրություն տալու, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Էդմոն Մարուքյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

«Գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել ՀՔԾ: Որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննության, սրանից առաջ դատաբժշկի մոտ եմ գնացել, հետո եկել եմ այստեղ ու բացատրություն եմ տվել: Ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութերում, քննիչի հարցերը դրանց մասին էին, իմ պատասխանները՝ նույնպես, նյութերի մեջ պետք է դա գրվի: Հարցաքննությունը տևեց երկու ժամ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողի հարցին, թե այս գործի հետ կապված ի՞նչ ակնկալիք ունի, Մարուքյանը պատասխանեց.

«Իմ ակնկալիքը քաղաքական է, հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող է կրկնվել, և ամեն մի պատգամավոր կարող է ելույթ ունենալուց առաջ իր մտքով անցկացնել, որ կարող են իրեն խփել, բռնություն կիրառել իր կարծիքի, իր հայտարարության համար»:

Էդմոն Մարուքյանը քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող, այլև մյուս քաղաքական ուժերից:

«Խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին էին սպառնում, մյուս օրը փողոցում են մարդ ծեծելու, մյուս օրն ուրիշ բան է լինելու: Բռնությունը չի դատապարտվում, հետևաբար՝ բռնության մշակույթը, որը  իբրև թե հայտարարվել է, որ տեղ չունի, շատ լավ տեղ ունի Հայաստանում»,- ասաց Մարուքյանը:

Լրագրողի հարցին, թե մանդատներ վայր դնելու հարց «Լուսավոր Հայաստան»-ը քննարկե՞լ է, Մարուքյանը պատասխանեց, որ ոչ:

«Նրանք ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ուզում են ընդդիմությունը մանդատները դնի, որ ի՞նչ անեն, բռնապետությո՞ւն են ուզում դարձնել: Պահանջել ծեծ կերած մարդկանցից մանդատ վայր դնել, նման բան երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա»,- ասաց Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս