Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանը քանի դեռ բավարարում են Փաշինյանի անօրինական ցանկությունները, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի» շահառու չեն դառնա. Աննա Մկրտչյան

Ազգային ժողովը երեկ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որին կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Այս կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», ՀՀԿ անդամ, «Առաջինը Հայաստան» նախաձեռնության անդամ Աննա Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում համարեց խնդրահարույց, քանի որ առկա են ռիսկային ձևակերպումներ։

«Օրինակ՝ ասվում է, որ սեռական շահագործման մասին ուսուցանումը պետք է սկսվի տարրական դասարաններից, շարունակվի  միջնակարգ դասարաններում։ Եթե ինչ-որ տեղ կարող են հիմնավորել միջին դասարաններում այդ ուսուցանումը, ապա վստահ եմ, որ տարրական դասարաններում նման բան պարզապես տեղի ունենալ չի կարող։ Ենթադրել, որ կոնվենցիայի միայն բարի նպատակները կիրականացվեն, ու մենք  հակազդման ռեակցիաներ չենք ունենա,  պետք չէ, դա միայն բարի նպատակ է»,- ասաց  Մկրտչյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այդ կոնվենցիան չի դրվել հանրային քննարկման, ինչը կարող է լինել և՛ դիտավորության, և՛ անփութության հետևանք, ուստի  վստահ է, որ նույնիսկ այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, անգամ տեղյակ չեն, թե ինչ է այն նախատեսում։

Անդրադառնալով  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցած ելույթին, ըստ որի՝ ՀՀԿ-ն այս կոնվենցիան ստորագրել, բայց չի վավերացրել, որովհետև մանկապիղծի դեմ համարձակություն չունեին  բողոքելու, բացի այդ, նախկինները չեն վավերացրել, որովհետև մանկատներից և ծննդատներից երեխաներ էին վաճառում, Աննա Մկրտչյանն ասաց.

«Գայանե Աբրահամյանը ստում է, որովհետև Հանարապետականի  իշխանության ժամանակ երեխաներ չեն վաճառվել, իսկ եթե մեր իրավապահ համակարգը չլիներ Նիկոլ Փաշինյանի զավթման տակ, ապա համապատասխան պաշտոն զբաղեցնող մարդիկ կայցելեին տիկին Աբրահամյանին ու կխնդրեին ներկայացնել փաստեր և տեղեկատվություն, թե որ հանրապետականի ժամանակ ով է վաճառել, քանի երեխա։ Տիկին Աբրահամյանը թող հիշի, որ ինքն այն մարդկանց ցանկում էր, որոնք շնորհակալ էին նույն ՀՀԿ-ին, որոնք դատում էին մանկապիղծներին։ Այո՛, նման երևույթներ եղել են և որևէ հասարակության մեջ բացառված չեն, բայց դրանք հենց Հանրապետականի իշխանության օրոք դատապարտվել են, և հենց այդ իշխանության ժամանակ է, որ այդ մարդիկ կրել են իրենց պատիժը»։

Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին»  օրենքին, որը երեկ ստորագրեց նախագահ Արմեն Սարգսյանը, և անընդունելի համարեց նախագահի կողմից օրենքի ստորագրելն ու դրան զուգահեռ՝ մի շարք խնդիրներ մատնանշելը։

Ինչ վերաբերում է այդ օրենքի կիրարկմանը, ապա այն, ըստ Մկրտչյանի, դառնալու է գործիք գործող իշխանության համար՝ իր համար անցանկալի մարդկանց վրա ճնշում գործադրելու համար։

«Այն օլիգարխները, որոնք հանգիստ Նիկոլ Փաշինյանի թևի տակ նստած են՝ կարծելով, որ բավարարում են Փաշինյանի սպասումները, հենց փորձեն ընդդիմանալ, Փաշինյանը կհիշի, որ վերջինները ոչ թե խոշոր գործարարներ են, այլ  օլիգարխներ։ Քանի Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը բավարարում են Փաշինյանի անօրինական ցանկությունները, կարող են հանգիստ լինել, իրենք «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի» շահառու չեն դառնա, իսկ եթե սկսեն մի փոքր Փաշինյանի տրամադրության փոփոխություն շոշափել, ապա թող զգուշանան ու իրենց փաստաբանական թիմերը համալրեն»,- ասաց  Մկրտչյանը։

Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս