Բաժիններ՝

ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել. նրանք Կենտրոնի Ոստիկանության բաժնում են

Այսօր առավոտից Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք դժգոհում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքերից: Ցուցարարների մի մասին բերման են ենթարկել: Հիմա նրանք ոստիկանության կենտրոնի բաժնում են: Ցույցի մասնակից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ ֆլեշմոբ են իրականացնելու ամբողջ քաղաքում, շրջելու են վարչական շրջաններով և բոլորին հրավիրելու են Կենտրոնական բանկի մոտ։

«Մենք բոլորս ստրուկ ենք բանկային համակարգի դիմաց: Բոլոր այն քաղաքացիները, որոնք բանկային համակարգի հետ կապ են ունեցել, կարող են փաստել, որ վերածվել են ստրուկների: Խոսքս ուղղում եմ իշխանություններին, վարչապետին, որ կարգի հրավիրի այս կառույցը։ Երեկ էլ ենք եկել, չեն բարեհաճել իջնել, որովհետև գիտեն, որ գալու են կանգնեն այս կամերաների առաջ, երեք հարց ենք տալու, և չեն կարողանալու պատասխանել մեր հարցերին: Իրենք ամբողջ կյանքում գրասենյակներում թաքնված իրենց սև գործն արել են: Պատմություն կա, որ դևը փակում է ժողովրդի ջուրը, Կենտրոնական բանկը դև է, որ փակել է մի ամբողջ ժողովրդի սնուցելու ֆինանսական համակարգը, նստել է ձեր գլխին, ձեզ սարքել է իր համար ստրուկ»,- ասաց նա։

Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին փոխանցեցին ԿԲ-ի առաջարկը, որ մեկ հոգի բարձրանա վերև և հանդիպի բանկի ներկայացուցչի հետ, սակայն ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ նրանք իջնեն: Ներսից մարդ չիջավ: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գևորգ Հովհաննիսյանը, որ նաև պահեստազորի սպա է, առաջարկում էր, որ հանրայնացվի բանկերի կառավարիչների աշխատավարձերի չափը:

«Մենք ամբիցիոզ ցանկություններ չունենք ծանոթանալու այս կամ այն մարդու աշխատավարձին: Հարկատու, հասարակ մարդը, որ բերում, իր վերջին կոպեկները տալիս է միջնորդավճար, տոկոս, վարկ, բարի եղեք նրան հաշվետու եղեք, սա բնական իրավունքից բխող պահանջ է: Օրենքի պահանջ կա, որ բանկի կառավարիչների աշխատավարձերը պետք է հրապարակային լինեն, բայց չեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ցուցարարներից յուրաքանչյուրն առանձին խնդիր ուներ՝ կապված առանձին բանկերի հետ, նրանցից շատերն անգամ պարտքերը մարելու դեպքում դեռ դատական գործեր ունեն բանկերի հետ: Մանուել Մանուկյանը կասկած հայտնեց, որ անգամ բյուջեի կատարողականն է սխալ զեկուցվում հանրությանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները երեկ էլ էին ակցիա իրականացրել ԿԲ-ի դիմաց՝ նույն պահանջներով: Խոստացել էին, որ, եթե չհանդիպեն իրենց հետ, ապա նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս