Բաժիններ՝

Ստեղծվել է կորոնավիրուսը հաղթող հակամարմին․ Nature Communications

Նիդերլանդցի և գերմանացի մասնագետները սինթեզել են փորձարարական մոնոկլոնալ հակամարմին, որն ունակ է լաբորատոր պայմաններում հաղթել նոր կորոնավիրասային վարակը։ Այդ մասին, ըստ shantnews.am-ի՝ ասված է մի խումբ եվրոպացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում։

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցները նման են մարդու իմունային բջիջների արտադրած սպիտակուցներին։ Դրանք գտնում են պաթոգենի կոնկրետ հատվածը և ազդում անմիջապես դրա վրա։

Փորձարկումների ժամանակ 47D11 նոր հակամարմինը հաղթել է ոչ միայն SARS-CoV-2-ը, այլև SARS-CoV-ը, որն առաջացնում է սուր շնչառական համախտանիշ։ Մասնավորապես՝ այն ուղղվում է սպիտակուցային բութակներ, որոնք նոր վիրուսին թագի տեսք են տալիս և թույլ տալիս մարդու բջիջներ ներթափանցել։

Հակամարմինների արտադրման համար օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված մկներ։ Երբ պարզ է դարձել, որ 47D11-ը չեզոքացնող ակտիվություն է դրսևորում, որոշվել է հակամարմինը մարդուն հարմար տարբերակով ստեղծել։

Հետագայում կլինիկական հետազոտություններ կարվեն ստացված արդյունքները հաստատելու համար, որից հետո այն կփորձարկեն կենդանիների և մարդկանց վրա։ Դեռևս այդ հակամարմինը բժշկության մեջ օգտագործել չի կարելի, սակայն ապագայում այն հնարավոր է՝ օգնի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հարցում։

Ավելի վաղ Իսրայելում ևս գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգտագործվել COVID-19-ի դեմ դեղամիջոց մշակելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս