ՀՔԾ-ից չեն մեկնաբանում` արդյո՞ք Միքայել Մինասյանի հայտարարության հետքերով ՀՔԾ կհրավիրվի նաև Նիկոլ Փաշինյանը

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված:

Նրան տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելո՞ւ են թե՞ ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն, ըստ էության, դա է եղել:

Լուրը հաստատեց նաև ԱԱԾ նախկին տնօրենի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։

Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում։»:

Այսօր 168.am-ը ՀՔԾ-ից փորձեց ճշտել` արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս նույն հարցով հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, արդյո՞ք նրան էլ են ծանուցել, որ 10 օրվա ընթացքում հնարավոր է` քրեական գործ հարուցվի, և ինքն էլ լինի այդ գործով անցնող անձանցից մեկը, որովհետև Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանին սոսկ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը` ըստ այդ հայտարարության:

ՀՔԾ-ն, սակայն, այս հարցերի պատասխանը չուներ. ասացին, որ չեն մեկնաբանում:

Ինչևէ, ուղիղ 9 օր անց մենք կիմանանք` լինելո՞ւ է արդյոք քրեական գործ, և ովքե՞ր են լինելու դրա գլխավոր դերակատարները, իսկ այս պահի դրությամբ ՀՔԾ սոսկ ժամանակի վրա է խաղում:

Տեսանյութեր

Լրահոս