«Ո´չ, չեմ հարվածել». Իշխանական պատգամավորները հերքում են, որ հարվածել են Էդմոն Մարուքյանին
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո իշխող կուսակցությունը նախ՝ վարչության, այնուհետև՝ խմբակցության նիստ հրավիրեց՝ քննարկելու տեղի ունեցածը:
Երկու նիստերից առաջ «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ խմբակցության ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ:
Սակայն խմբակցության նիստից հետո Լիլիթ Մակունցը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ նիստերի դահլիճում հանդես կգա հայտարարությամբ:
Նիստի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվեցինք՝ հարվածե՞լ է Էդմոն Մարուքյանին, թե՞ ոչ:
Նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, չեմ հարվածել»:
Նույն պատասխանը տվեց նաև իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կառավարության 2019 թվականի ծրագրի արդյունքները ամփոփելու ժամանակ բանավեճ տեղի ունեցավ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև, ինչին միջամտեց Սասուն Միքայելյանը, որից հետո տեղի ունեցավ ծեծկռտուք:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրեն մեջքից հարվածել են, իսկ ֆիքսած կադրերը ցույց էին տալիս, որ նրան հարվածել են Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը: Այս միջադեպը տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ փորձում էր կողմերին բաժանել: