Բաժիններ՝

1 միլիարդ 473 միլիոն դրամ ՊԵԿ-ին՝ մեկ անձից գնում կատարելու համար

Կառավարությունը մայիսի 7-ի նիստում, օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով 1 միլիարդ 473 միլիոն դրամ հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների առաջին և երկրորդ փուլն ավարտելու համար:

Հատկացված գումարից 1 միլիարդ 393 մլն դրամը նախատեսված է վարչական և տնտեսական շենքերի ներքին հարդարման աշխատանքների, ներքին ինժեներական կոմունիկացիաների իրականացման, պոմպակայանի և տրանսֆորմատորային ենթակայանի տեխնոլոգիական մասի և էլեկտրասարքավորումների իրականացման, գազամատակարարման, ջրավազանների կառուցման, բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև  օժանդակ այլ կառույցների և համակարգերի շինմոնտաժային աշխատանքների համար:

Այս մաքսատան աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների 2-րդ փուլի 2-րդ մասի գնման առարկաների ձեռքբերման նպատակով գնումներն իրականացվելու են մեկ անձից, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվելու շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ «Շին ինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ին:

Ըստ Կառավարության հաստատած նախագծի՝ կենտրոնի կառուցման աշխատանքների հրատապությունից ելնելով՝ աշխատանքները ձեռք են բերվել մեկ անձից, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացրել է նույն կազմակերպությունը:

Որոշման նախագծում հիմնավորված է, որ մեկ այլ կազմակերպության ներգրավումը կառաջացնի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ ժամանակի կորուստն ու ժամկետների երկարաձգումը, շինարարության ընթացքում մի շարք այլ բարդություններ, որոնց լուծման համար կարող է տրվել ոչ ճիշտ մոտեցում, քանի որ նոր կապալառուն շարունակելու է մյուսի գործը, և վերջապես՝ այն ռիսկը, որ գնման գործընթացում հաղթած մասնակիցը կարող է չկատարել իր պարտականությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, Կառավարությունը փոփոխություն կատարեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և 451.3 մլն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին Գյումրիում  կառուցվող մաքսատան արտաքին կումունիկացիաների, գլխավոր մասնաշենքի և պահեստային մասնաշենքի երկաթ/բետոնե կոնստրուկցիաների համար։ Այդ ժամանակ ևս գնումները կատարվել էին մեկ անձից:

Ավելի վաղ էլ՝ այդ մաքսատան կառուցման մեկնարկին, ՊԵԿ-ին հատկացվել  էր  2,117.9 մլն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս