Բաժիններ՝

Մայր Աթոռը կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով իրականացրել է 280 մլն դրամի աջակցության ծրագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի է ունեցել եպիսկոպոսների հավաք։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Ժողովին ներկայացվել է կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։ Մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 288 մլն ՀՀ դրամ գումար։ Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 134 մլն 400 հազար ՀՀ դրամ։ 20 մլն-ը փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին, 100 մլն 600 հազար դրամ գումարն էլ հատկացվել է պարենային ծրագրին։

«Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝ Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանի 900 շահառուի, Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցելով՝ 268 ընտանիքի, Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի, քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության միջոցով՝ դատապարտյալների 114 ընտանիքի։ 13 մլն 800 հազար ՀՀ դրամ գումարի աջակցություն է ցուցաբերվել թեմերում սպասավորող քահանաների ընտանիքներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տեր Վահրամը։

Նա հայտնել է, որ 30 մլն 600 հազար ՀՀ դրամի ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ և փոխանցվել ՀՀ Առողջապահության նախարարությանը։ 83 մլն դրամով ձեռք է բերվել 1600 պլանշետ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով՝ 1300-ը տրամադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։ 40 մլն դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։

«Ժողովի ընթացքում քննարկվել է նաև համավարակի հաղթահարմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, քաջառողջության իր բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր դասով պիտի շարունակի կարելին անել՝ այս իրադրության մեջ զորակցություն բերելով իր հավատավոր զավակներին Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում։ Նորին Սրբությունը վերահաստատեց, որ մշտական կապի մեջ է բոլոր թեմերի առաջնորդների հետ, և հաղորդ՝ համավարակի հետևանքներով առաջացած կարիքներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով նաև համայնքներում եկեղեցականների հովվական խնամատարական գործունեության աշխուժացումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև, որ սահմանափակումների մասնակի վերացման ներկա պայմաններում մեր ժողովրդի կողմից դրսևորվի առավել զգաստություն և պատասխանատվություն համավարակի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումների և պատկան կառույցների պահանջների կատարման հարցում և գերակայի քրիստոնեական սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս