Բաժիններ՝

«Եթե պետությունը չի կարողանում 1 խաչմերուկ կարգավորել, այս երկրի վրա հույս դնել չի կարելի… Մի 20 տարբերակ էլ կփորձեն, կհիասթափվեն ու լուսացույցը հետ կբերեն». Վարորդների պաշտպան

Ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) փորձնական կատարվեց երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ռետինե կարճասյուների միջոցով երթևեկությունը կազմակերպվեց շրջանաձև, իսկ լուսացույցերը սկսեցին աշխատել դեղին թարթող ռեժիմով:

Վարորդներից շատերը շտապեցին դժգոհել, մի մասն էլ ասաց, թե սա կաշխատի, քանի դեռ հանրային տրանսպորտը չի աշխատում։ Հետո խցանումներ անպայման կլինեն։ Մյուսների կարծիքով էլ՝ շրջանաձև երթևեկության ամբողջ իմաստը իրար զիջելու, գլխավոր, երկրորդական ճանապարհները ճիշտ գիտակցելու և հանդուրժելու մեջ է։ Իսկ վթարների հետևանքները շատ մեղմ կլինեն, քան լուսացուցային կարգավորումներով խաչմերուկներում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ մայիսի 4-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր․

««Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի երթևեկության փոփոխությունն ունի մեկ դրական արդյունք: Առաջ խաչմերուկը խցանվում էր երեք կողմերից, Կրկեսից եկող ուղղությունը հիմնականում բաց էր, հիմա խցանումն այնպես սիմետրիկ է… չորս ուղղությունն էլ խցանված է»:

Վարորդների իրավունքների պաշտպանփաստաբան Արտակ Խաչատրյանն էլ՝ 168am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատեց․

«Անունը դրեցին փորձնական ու ասացին՝ ժողովուրդ ջան, եկեք փորձենք։  Միայն աղքատ երկիրն իրեն կարող է նման բան թույլ տալ, որովհետև մի քիչ խելացիները կնստեին, համակարգչային շատ ծրագրեր կան, կհաշվարկեին, կտեսնեին, թե ինչպես է կազմակերպվում։ Սկզբում 4 երթևեկելի գոտին նեղացրեցին, սարքեցին 3, պարզ էր, որ հոսքն ավելի էր երկարելու ու դանդաղելու։ Ավելի հեշտ, պարզ, հետաքրքիր լուծումներ կան, որոնք ընդհանրապես մեր պաշտոնյաներին խորթ են, անպայման պետք է ինչ-որ բարդ էքսպերիմենտների հետևից ընկնեն։

Մի 20 տարբերակ էլ կփորձեն, կհիասթափվեն ու լուսացույցը հետ կբերեն։ Հենց տրանսպորտը սկսի աշխատել՝ գործիքները կթողնեն ու այդտեղից կփախչեն։

Մի տեսախցիկ էլ կդնեն ու կասեն, թե՝ հարգելի՛ վարորդ, դուք պարտավոր էիք այս գիծը չտրորել։ Կտուգանեն, երկու կին էլ կմտնեն՝ իրենց կայքում կգրեն, որ միայն տուգանքը դրանց խելքի կբերի։ Իրենք էլ կասեն՝ երթևեկությունը կարգավորված է»։

Վարորդների իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ խայտառակ իրավիճակ է նաև «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց։

«Ու եթե մեկ խաչմերուկ պետությունը (որոշ պաշտոնյաներ) չի կարողանում կարգավորել, այս երկրի վրա հույս դնել չի կարելի։ Զբաղված են մեկ խաչմերուկ կարգավորելով, լավ, բա ե՞րբ է այս պետությունը զարգանալու։ Պետության զարգացումը կապված է նաև երթևեկության հետ․ պատկերացրեք, հիմա եթե մի քանի ամիս մեկ խաչմերուկի երթևեկությունը կարգավորելու համար են ծախսում, բա մնացա՞ծն ինչ անեն։ Երևանում 1500 խաչմերուկ կա, որից 1400-ը պրոբլեմ ունի։ Ծոռս մոտավորապես 850-րդ խաչմերուկի լուծումը կտեսնի, էլի։ Այս մակարդակով, որակով ու տեմպով մենք 2050 թվականին նոր «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի երթևեկության հարցը կլուծենք»,- նշեց Արտակ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս