Մայիսի 3-ին Երևան-Սոչի թռիչք կկայանա․ կկարողանան մեկնել ՌԴ քաղաքացիները
«Ապրիլի 29-ին հնարավոր է դարձել Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին ավտոբուսներով Վրաստանի սահմանով տեղափոխել Ռուսաստան։ Ցամաքային տրանսպորտով իրենց բնակավայր կարողացել են տեղափոխվել շուրջ 84 քաղաքացիներ։
Հայաստանում գտնվող ՌԴ դեսպանատան փոխանցմամբ՝ աշխատանքներ են տարվում նաև մյուս ցանկացողներին ավտոբուսով տեղափոխելու ուղղությամբ։ Իսկ մինչ այդ «Ուրալյան ավիաուղիներ»-ը մայիսի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի թռիչք՝ ժամը 14։30-ին։ Տոմսի արժեքը 200 եվրո է։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք տարբեր հարցերով էին ժամանել մեր երկիր, ոմանք՝ բուժվելու նպատակով, ոմանք՝ թաղում, մյուսներն էլ՝ որպես զբոսաշրջիկ։ Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։
Մյուս խմբի անդամներին՝ մոտ 200 հոգու, այդպես էլ չէր հաջողվել գոնե ավտոբուսով հասնել իրենց բնակության վայր, հօդս ցնդեց նաև ինքնաթիռով մեկնելու տարբերակը։