«Գործ ունենք տոտալ ապօրինությունների հետ». Ամրամ Մակինյան

Րոպեներ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսնուքյան էջում գրել էր, որ  Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում:

Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ առանց դատարանի պատշաճ թույլտվության իրավապահները խուզարկություն են իրականացնում Արա Խաչատրյանի բնակարանում և բացի իր գրառման մեջ նշած առգրավված փաստաթղթերից, նաև նրա մեքենայի բեռնախցիկից  Ucom ընկերության ռազմավարությանը վերաբերող փաստաթղթեր են վերցրել:

«Գործ ունենք տոտալ ապօրինությունների հետ»,-ասաց Ամրամ Մակինյանը, ով նշեց նաև, որ այս պահին ինքը բնակարանից դուրս է եկել, սակայն տեղում է փաստաբան Արամ Օրբելյանը:

Մեր հարցին, թե Արա Խաչատրյանը բոլորովին վերջերս է տնօրեն նշանակվել, ինչ հիմքով են նրա բնակարանում խուզարկություն կատարում, փաստաբանն ասաց, որ իրենց մոտ էլ է այդ հարցը առաջանում, որևէ տրամաբանություն կամ հիմք չկա ու չի կարող լինել:

Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով` Արա Խաչատրյանը քննվող քրեական գործերից որևէ մեկով որևէ կարգավիճակ չունի, որևէ կերպ ներգրավված չէ որևէ գործընթացում, չի ներգրավվել որպես կասկածյալ, մեղադրյալ, վկա, հետևաբար խուզարկությունն ինքնին որևէ տրամաբանության չի ենթարկվում ու չի կարող իրավական հիմք ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս