«Հիշեցի՝ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:
Ինչ խոսք, նորմալ է եւ ճիշտ, որ մեր ԱԳ նախարարը պարբերաբար շփումներ է ունենում այլ երկրների իր գործընկերների հետ։
Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը ցնցվեց ուկրաինական ԱԳՆ-ի կողմից տարածած շրջաբերականից, ըստ որի, նրանք հորդորում էին իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումներին։
Իրավիճակը փրկեց Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը, սակայն ուկրաինական արտաքին գերատեսչության տհաճ պաշտոնական դիրքորոշման նստվածքը մնաց։
Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին։
Սակայն, ավաղ, գոնե պաշտոնական հաղորդագրության մակարդակով այս խնդրի արծարծում չկար եւ տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին։
Հ.Գ. Հիշեցի, որ անցյալ տարի նույն օրը, Նիկոլ Փաշինյանը ռուսական ալիքներից մեկով, թողնելով մի կողմ օրվա ծանր խորհուրդը, ժիր եւ ժպտերես կերպով Զելենսկուն խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ…»: