Բաժիններ՝

Ծագած խնդիրներ՝ սոցիալական աջակցության ծրագրերից  օգտվելիս

Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից օգտվելը որոշ քաղաքացիների համար հաճախ դժվարություններ է առաջացնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հայտնեց, որ քաղաքացիներից ստացված հարցերի արդյունքում որոշվել է պարզեցնել 9-րդ ծրագրին դիմելու ընթացակարգը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով միանվագ 26.500 ՀՀ դրամ աջակցություն է նախատեսվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում:

«Եթե քաղաքացիները դիմել են և որևէ կերպ պատասխան չեն ստացել կամ խնդիր ունեն մինչ օրս, իրենք կարող են նորից դիմել այս պարզեցված եղանակով, որտեղ արդեն տվյալների ճշտումները նախապես արված են»,- ասաց Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ դիմելուց հետո պետք է սպասել SMS  հաղորդագրությանը և ապա գնալ բանկ՝ ստանալու հատկացված գումարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ 9-րդ ծրագրով ավելի քան 130.000 երեխայի համար նախատեսված աջակցության գումարը փոխանցվել է բանկեր և ակնկալվում է, որ ծրագրի համար ևս նույնքան քաղաքացիներ կդիմեն:

Նախարարի խոսքով՝ ծրագրերի համար  դիմելիս հաճախ խնդիրներ են առաջանում դիմումները լրացնելիս, ու քաղաքացիները դիմումներն ուշադիր չեն լրացնում: Հենց նման տեխնիկական վրիպակների պատճառով, ըստ Բաթոյանի, որոշ դիմումներ մերժվել են: Եղել են նաև դեպքեր, երբ մի անձից մի քանի դիմում է ստացել նախարարությունը: Ըստ Բաթոյանի՝ անգամ դիմումներ են ստացել նպաստառու ընտանիքներից, որոնք այս ծրագրի շահառու լինել չեն կարող:

«Կան նաև ստեղծված օպերատիվ խմբեր, որոնք քաղաքացիների դիմումների հետքերով կապվում են նրանց հետ, և օրական առնվազն 700 քաղաքացու պարզաբանվում է ընթացակարգը»,- ասաց Բաթոյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ կան ծրագրեր, որոնց դեպքում քաղաքացիները դեռևս չեն գնացել բանկ՝ ստանալու հատկացված գումարը: Դրանց թիվը, ըստ Բաթոյանի, բավականին մեծ է, և դրանք հիմնականում 4-րդ և 7-րդ ծրագրերի շահառուներ են:

«Պիտի խնդրեմ հատկապես այս իմաստով լինել ուշադիր, որովհետև գումարը փոխանցելուց 3 ամիս անց, եթե պահանջը չներկայացվի, այսինքն՝ քաղաքացին եթե չմոտենա բանկ, ապա այդ գումարը վերադարձվելու է պետական բյուջե»,- ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շահառուները պարզապես պետք է այցելեն ssa.am կայք, որտեղ կարող են գտնել իրենց անունը, անվան կողքին նշված է լինելու  աջակցության համար  փոխանցված գումարի չափը և այն բանկի անունը, որտեղից կարող են ստանալ  գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս