Սոցիալական աջակցությամբ շահառուներին փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամ, ընդլայնվել է 8-րդ միջոցառումը. Զարուհի Բաթոյան
Մինչև այսօր կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության 6 ծրագրով շուրջ 286 հազար շահառուի փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամի գումար: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս թվի մեջ ներառված չէ կոմունալ վճարումների համար տրամադրված փոխհատուցման գումարը:
Նախարարը նաև հայտնեց, որ կառավարության որոշմամբ վերանայվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագիրը, որով նախատեսված էր օժանդակություն ցուցաբերել համավարակի հետևանքով տուժած ոլորտների գրանցված աշխատակիցներին, աջակցության չափն էլ կազմում է 68.000-136.000 ՀՀ դրամ:
Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ ցանկում նախապես ներառված ոլորտներին ավելացել են մի շարք այլ ոլորտներ՝ հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրանքների, կահույքի արտադրություն, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման, նորոգման, օդային տրանսպորտի գործունեություն՝ ներառյալ ավիատոմսերի վաճառք։ Ցանկում ներառվել են նաև կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեությունները, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթի, կրթական, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման գործունեությունը, լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցումը, պոլիգրաֆիական՝ տպագրության ծառայությունները:
«Այս ցանկով շուրջ 36.000 նոր շահառու է ավելանում ծրագրում, որոնց ուղղված դրամական աջակցության բյուջեն կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ»,- հավելեց նախարար Բաթոյանը:
Շահառուները դիմումները կարող են ներկայացնել ssa.am կայքում մայիսի 4-ից սկսած: Առցանց դիմում ներկայացնելուց հետո քաղաքացին պետք է ստանա SMS հաղորդագրություն, ինչից հետո միայն կարող է գնալ բանկ, ստանալ նախատեսված աջակցության իր գումարը:
Նախարարը նաև հայտնեց, որ աջակցման այս ծրագրից կարող են օգտվել ոչ միայն նշված ոլորտներում գրանցված, այլև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները: