«Արթուր Դանիելյանն ինքնապաշտպանվել է իր վրա խուլիգանաբար հարձակված ԱԺ փոխխոսնակից». Կոնստանտին Տեր-Նակալյան
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ Ալեն Սիմոնյանը նախ բարևել է Արթուր Դանիելյանին, որից հետո հարվածել է Դանիելյանի դեմքին, և զավեշտալին այն է, որ նույն Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցում հաստատել է՝ ասելով, որ խփել է:
«Դանիելյանին բերման են ենթարկել առաջին հիվանդանոցի մոտից, և դրանով էր պայմանավորված այն թյուրիմացությունը, որ մենք գիտեինք, թե նա այնտեղ է: Հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում որոշել են, որ Արթուր Դանիելյանը կարող է վիրահատության կարիք ունենա, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ պարզ դարձավ, որ Դանիելյանի քիթը վնասվել է, բայց վիրահատության կարիք չունի»,- ասաց Տեր-Նակալյանը՝ նշելով, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու են Արթուր Դանիելյանն ու միաբանության ևս երկու անդամ հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:
«Նա ինքնապաշտպանվել է իր վրա խուլիգանաբար հարձակված ԱԺ փոխխոսնակից»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ շեշտելով, որ Ալեն Սիմոնյանի հետ դեպքի վայրում է եղել նաև Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը, սակայն, ծեծկռտուքին չի մասնակցել: