Բաժիններ՝

Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները վերսկսում են աշխատանքները

Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ապրիլի 28-ին գրել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների՝ վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա։

«Սարտոն» կարի ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքները կսկսեն մայիսի 1-ից։

«Դեռ չենք աշխատում, ժողովրդին հավաքում ենք, որ ժողով անենք։ Ունենք 300-350 աշխատող։ Երբ սկսենք աշխատել, իհարկե, դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով պետք է ապահովենք։ Իսկ հիմա ուզում ենք տեսնել՝ ովքեր են գալիս, քանի հոգի է գալիս։ Հնարավոր է՝ լինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա այս ընթացքում աշխատել։ Որոշված ոչինչ չկա, այս երկու օրվա մեջ կճշտենք ամեն ինչ։ Ամեն դեպքում մայիսի 1-ից պետք է աշխատենք՝ պարետի բոլոր հանձնարարությունները կատարելով»։

«Գլորիա» կարի ֆաբրիկայից էլ հայտնեցին, որ վերջնական նախապատրաստական աշխատանքներն են անում, որպեսզի ընդհանրապես խնդիր չունենան պարետատան հետ։

«Վաղվանից, ոչ 100 տոկոսով, բայց կսկսենք աշխատել։ Ինչ վերաբերում է դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով աշխատողներին ապահովելուն, ապա մի ժամանակ մենք անգամ դիմակներ էինք կարում, իսկ ախտահանիչ միջոցները գնել ենք։ Ավելին՝ արդեն չափագրում ենք կատարել, որ 2 մետր հեռավորությունը պահելով նստեն աշխատակիցները։ Հնարավոր է, որ նաև հերթափոխով աշխատեն»,- նշեցին «Գլորիա» կարի ֆաբրիկայից։

Անդրադառնալով քաղաքացիներին տուգանելու մասին հարցին՝ ֆաբրիկայից հայտնեցին, որ դեռ չգիտեն այս հարցի պատասխանը։

Եթե իմանան, որ մարդկանց տուգանելու են՝ կա՛մ կփորձեն որոշմանն իրավական լուծում տալու ճանապարհով գնալ, կա՛մ ընկերությունը կվճարի, աշխատակիցների վրա չեն թողնի։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն ավելի քան մեկ ամսվա հարկադիր պարապուրդից հետո աշխատանքի էին գնացել՝ առանց պարետի թույլտվության։ Սակայն կարճ ժամանակ անց ոստիկանությունը նրանց տուգանել էր 100.000-ական դրամով՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս