«Փաշինյանն ամեն ինչ անում է իր անցյալը մոռացության տալու համար»․ Արա Սահակյան
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր անցյալը մոռացության տալու համար։ Առհասարակ, և՛ իր շփումները, և՛ իր կապերը, առնչությունները։ Եվ ավելի ընդհանուր եթե նայենք, նկատվում է, որ նոր իշխանությունները հայկական ոգու, հայկական պետականության սկիզբը համարում են 2018թ․ ապրիլ-մայիսը»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
«Ես հավատում եմ, որ կգա մի պահ, որ իրենք կհայտարարեն, որ իրենցով ավարտվում է մեր պատմությունը։ Այսինքն՝ մեր պատմությունը սկսվել է իրենցով, իրենցով էլ ավարտվելու է։ Սա շատ վտանգավոր, բայց նաև ծիծաղելի մտայնություն է»,- նկատեց նա։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում մոռացության տալ իր անցյալը, չէ՞ որ մարդիկ այն հիշում են, նա պատասխանեց․ «Ինքը պատճառները նշեց հիասթափությունների այդ 13 կետերում․ նա շատ թափանցիկ ասաց, որ հրաժարվում է այն քաղաքական ուժերից, որոնց հետ ինքը ճանապարհ է անցել, հրաժարվում է նաև իր մտերիմներից, ընկերներից, որոնց հետ ճանապարհ է անցել»։