Հոսանքի ու գազի անջատումների միակ մեղավորն իշխանություններն են՝ խնդիրներ լուծելու իրենց անկարողությամբ. Վահագն Չախալյան
Կառավարության դիմաց հոսանքի և բնական գազի դադարեցման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էին նաև «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ արտակարգ դրության օրերին մարդկանց հոսանքի ու բնական գազի մատակարարումը դադարեցնելն անմարդկային է:
«Եզակի երկիր ենք, որտեղ արտակարգ իրավիճակում քաղաքացիներին հոսանքազրկում են, գազն են անջատում, բացարձակ անթույլատրելի է: Այս իրավիճակը փորձում են նորից շահարկել և ուղղորդել անձերի դեմ, որ Պողոսն ա մեղավոր, Պետրոսն ա մեղավոր, ՀԷՑ-ի տղեն ա մեղավոր, «Գազպրոմն» ա մեղավոր:
Հերթական անգամ կառավարությունը, փոխանակ նրան, որ քայլեր ձեռնարկի, ծագած խնդիրը լուծի, փորձում ա մեղավորներ գտնել: Եվ եթե այս պարագայում չեն կարողացել նախկիններին գտնել մեղավոր, հիմա ուրիշ մեղավորներ նշանակեց, որը մեզ համար անընդունելի է: Եվ մենք ասում ենք, որ միակ մեղավորն իշխանություններն են՝ խնդիրներ լուծելու իրենց անկարողությամբ»,- ասաց «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:
Վահագն Չախալյանի խոսքով՝ չպետք է մեղավոր փնտրել վարչապետի խորհրդականների կամ շրջապատի մեջ: Ըստ Չախալյանի՝ մեղավորը վարչապետն է, անգամ այն դեպքում, երբ իրավիճակից տեղյակ չէ, կամ իրեն սխալ են զեկուցել:
«Ի՞նչ ա նշանակում՝ վարչապետը մեղավոր չի: Բա ո՞վ ա մեղավոր: Ի՞նչ ա նշանակում՝ վարչապետի շրջապատը: Հա, կներեք, է՛լի: Հերիք ա մեզ սենց խաբենք, ո՞ւմ ենք խաբում: Դե, վարչապետը հրեշտակն ա, շրջապատն էլ սաղ մեղավորն ու բոբոներն են: Նույն ձևի Սերժ Սարգսյանն էլ մեղավոր չէր, իրա շրջապատն էր մեղավոր: Նույն ձև Ռոբերտ Քոչարյանն էլ մեղավոր չէր, իրա շրջապատն ա մեղավոր: Նույն ձևի Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մեղավոր չէր, իրա շրջապատն էր մեղավոր: Էս ժողովուրդը հո կրակը չի՞ ընկել: Սաղ մեր առաջնորդները հրեշտակ են, իրա շրջապատները, թարսի պես, բոբոներ են դուրս գալիս:
Հենց մեղավոր են իշխանությունները, հենց պատասխանատուն անձամբ պարոն Փաշինյանն է: Էստեղ չկա երկրորդ միտք»,- ասաց Վահագն Չախալյանը:
Տեղեկացնենք նաև, որ «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանի նկատմամբ ևս վարչական արձանագրություն կազմեցին՝ 15 րոպեից ավելի կառավարության դիմաց մնալու համար: