ԿԳՄՍ փոխնախարարը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ անող մանկավարժի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում խոսեց կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին։
Նա նշեց, որ մեդալի համար քննություններ չեն լինի, իսկ Վերջին զանգի արարողություն կկայանա համավարակի ավարտից հետո որևէ հարմար օր:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տեղի է ունեցել քննական առարկաների արտահոսք, և դիմորդներն իմացել են, որ իրավագիտության համար ընտրվել է Հայոց լեզու գրավոր քննությունը, իսկ միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման, քաղաքագիտության բաժինների համար՝ Հայոց պատմությունը, և հարցին՝ չե՞ք կարծում, որ իրավագիտությունը նախընտրողների հնարավորությունները սահմանափակվում են, քանի որ նրանք նշում էին նաև միջազգային հարաներությունները, պատմությունը, քաղաքագիտությունը, Ժաննա Անդրեասյանը նշեց.
«Ուղղակի հնարավոր չէր, որ երեկ որևէ արտահոսք տեղի ունենար, որովհետև նախարարությունում այն որոշումը, թե որը պետք է ըստ մասնագիտության լինի քննական առարկան, կայացվում է այս օրերի ընթացքում։ Պատահական չէ, որ այս մասին մանրամասներ հայտարարելու ենք ապրիլի 30-ին»:
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժը՝ Լիճք գյուղից, իրավունք ունի՞ շարունակելու իր աշխատանքը երեխաների հետ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատասխանեց.
«Ընդհանրապես բռնության կոչերը համարում եմ անթույլատրելի։ Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, գիտեմ, որ նաև մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել։ Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանանք բռնության կոչի և համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու մասով»։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի և գրականության ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել. «Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ, իրենց և իրենց ընտանիքը առնել ու մորթել»: Գրառումը բուռն քննադատությունների է արժանացել: