
«Այն ոչ միայն թանգարանի իրավասության շրջանակներում է, այլև հոգաբարձուների խորհրդի. կճշտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը». Աշոտ Մելքոնյանը՝ Հարություն Մարությանի հայտարարության մասին

«Ինքս մամուլից եմ այդ տեղեկությունը լսել, ես հանդիսանում եմ Ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, կորոնավիրուսի պատճառով չկարողացանք մեր հերթական նիստը գումարել, այս վիճակից դուրս գալուց հետո հարցին կանդրադառնանք: Այն ոչ միայն թանգարանի իրավասության շրջանակներում է, այլև հոգաբարձուների խորհրդի, այնպես որ՝ մենք կճշտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի այն հայտարարությանը, թե որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը:
Հիշեցնենք, որ թեմայի հետ կապված՝ Հարություն Մարությանը 168.am-ին ասել էր, որ ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ վերահաշվառում:
«Ցանկացած նոր տնօրեն, երբ գալիս է, ինքը փորձում է հասկանալ նախորդի թողած ժառանգությունը, և միշտ լինում է վերահաշվարկ: Վերջին ավելի քան 10 տարում դա չի եղել, հիմա ֆոնդապահները յուրաքանչյուր առարկա հատ առ հատ վերցնում են, նայում, համեմատում համարները, առկայությունը, ստուգում բաժնի ֆոնդային մատյանում, գլխավոր գույքային մատյանում:
Այսինքն` ճշտում են դրանց առկայությունը թանգարանում: Դա պրոցես է` ժամանակ պահանջող, և այս տարի պետք է ավարտվեր, որովհետև մարտի 27-ին պիտի լիներ մեր հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ պիտի զեկուցվեր արդյունքների մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, և այդ արդյունքների մասին չզեկուցվեց»,- ասել էր նա:
Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Ցեղասպանության թանգարանում վերահաշվառում իրականացնելիս պետք է հաշվի առնեն նաև հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը.
«Ի վերջո, մենք Կառավարման խորհուրդ ենք թանգարանում, և տնօրենը մեզ հետ միշտ էլեկտրոնային կապ է պահպանում՝ թույլտվություններ, հանձնարարականներ, հարցերի քննարկումներ իրականացնելու համար: Երբ իրավիճակը թույլ տա, բնականաբար, կհավաքվենք և այդ խնդիրները կլուծենք, քանի որ Ցեղասպանության թանգարանը մեզ համար հատուկ կարգավիճակ ունեցող հաստատություն է, և նրա կարգավիճակը պետք է յուրաքանչյուրին հետաքրքրի, այն միշտ պետք է լինի իր բարձրության վրա»:
Ինչ վերաբերում է Հարություն Մարությանի աղմկահարույց հայտարարությանը, թե՝ «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսից պետք է հանել «պահանջում» բառը, ապա ըստ Ա. Մելքոնյանի՝ Հ. Մարությանը նպատակ է ունեցել ավելի շատ շեշտադրել հիշողությունը, ինչը չի նշանակում՝ հրաժարվել պահանջատիրությունից:
«Բայց մյուս կողմից էլ՝ ես ուրախ եմ. եթե հասարակությունը նման հարցերին շատ սուր արձագանքում է, ապա դա հուշում է այն մասին, որ պահանջատիրության խնդիրն օրեցօր մեր պատմական հիշողության անքակտելի մասն է դառնում»,- եզրափակեց Ա. Մելքոնյանը: