Բաժիններ՝

«Բոքոնիկն» ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ուրիշ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

«Ով է ապրում տնակում» հեքիաթը երկրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

«Մանկական բեսթսելեր»-ի հաջորդ հորիզոնականում «Երեք խոզուկ» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» հինգերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, ինչը նշանակում է, որ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Վեցերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքը ճակատագրով ինչ-որ ձևով կապված է Հարրիի հետ:

Յոթերորդ տեղում է Հ. Ք. Անդերսենի «Ձյունե թագուհին»: Հանրահայտ հեքիաթը ներկայացված է յուրատիպ լուծումով: Գրքում ներառված են ստվարաթղթե հերոսներ, որոնք առանձնացվում են, և դրանց օգնությամբ երեխան «բեմականացնում է» սեփական ներկայացումը:

Կառլո Կոլոդիի «Պինոկիո»-ն ութերորդ տեղում է: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Իններորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդական աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերներ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

Տասներորդ տեղում է Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գիրքը: «Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս