Բաժիններ՝

Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Բուխարեստի Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում ղողանջոցին զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի:

Զանգերի ղողանջումից հետո կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ` հանդիսապետությամբ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:

Ելնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից՝ միջոցառումներին մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ովքեր Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, բոլոր ռումինահայերի անունից, ծաղկեպսակ զետեղեցին և ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանին ներկայացրել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի վերաբերյալ քաղաքական հայտարարություն:

Նույն օրը երեկոյան ռումինահայերը, ինչպես և համայն հայ ժողովուրդը, միացան «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային:

Այս օրերին Ռումինիայի հայաշատ բոլոր բնակավայրերում համայնքային և եկեղեցական կառույցների կողմից անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին և Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս