Բաժիններ՝

Ապրիլի 23-ին և 24-ին ղողանջել են Ռումանիոյ հայոց թեմի եկեղեցիների զանգերը

Ռումանիոյ հայությունն ապրիլի 23-ին և 24-ին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:

«Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ ապրիլի 23-ին, ժամ 20:00-ին, ղողանջեցին Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ երեք րոպե տևողությամբ, յուրաքանչյուր հայ մարեց իր տան լույսը և մոմավառությամբ մասնակցեց համահայկական հարգանքի տուրքին:

Հաջորդ օրը, ժամը 11:00-ին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո դարձյալ ղողանջեցին բոլոր եկեղեցիների զանգերը: Այնուհետև թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Առաջնորդանիստ Տաճարում կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, հոգևորականաց դասը:

Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները համատեղ ծաղկեպսակ դրեցին Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև: Երեցկին, սոպրանո Արմինե Խաչատրյանը օրվա խորհրդին համահունչ հանդես եկավ կոմիտասյան երկու անզուգական կատարումներով՝ «Կռունկ» և «Գարունա»»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը նաև իր պատգամն էր հղել թեմի հավատավոր զավակներին, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքն է հնչեցնում առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմում է նրանց բարեխոսությանը:

Աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի դեմ և իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմ պայքարելուն: Ստեղծված են դժվարին պայմաններ, տարբեր երկրներում, այդ թվում և Ռումինիայում իշխանությունների կողմից հայտարարված է արտակարգ դրություն, սահմանափակված է մարդկանց տեղաշարժի հնարավորությունը: Բայց այս ամենը չպիտի խոչընդոտեն, որպեսզի յուրաքանչյուրս մեր բնակության վայրից մեր աղոթքի ձայնը միացնենք և հայցենք մեկ ու կես միլիոն նահատակների բարեխոսությունը:

Ռումինահայ համայնքն այսօր իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու մեր իրավունքների պաշտպանության: Օրեր առաջ տոնախմբեցինք Տիրոջ հրաշափառ հարությունը և վստահ ենք, որ մի օր վերստին պիտի հանդիպենք մեր նահատակված քույրերի, եղբայրների, մանուկների ու ծերերի հետ: Քանզի ինչպես Քրիստոս է ասում. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց ուրիշ ոչինչ չեն կարող անել, այն Նրանից, որ կարող է մարմինն ու հոգին կորստյան մատնել գեհենի կրակների մեջ»:

Մեր այս միասնությունը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և այսօր իրագործվող ոճրագործությունների դեմ, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար:

Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի բոլոր ժողովուրդներին այս համավարակի հաղթահարման ժանապարհին, հաջողություններ պարգևի բոլորիս հաջողելու մեր առաքելության մեջ` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս