Այս փուլում ավելի կարևոր է, որպեսզի Ռուսաստանն ու Հայաստանը փոխըմբռնում ունենան բոլոր հարցերի շուրջ․ Մալաշենկո
«Այն հակասությունները, որոնք ի հայտ են գալիս ժամանակ առ ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, ապացուցում են այն, որ բոլոր կողմերը խոսում են «տարբեր լեզուներով»»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հայտնած դիրքորոշումներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ներկայումս ակտիվորեն քննարկվում են փաստաթղթեր, որոնք ենթադրում են ԼՂ հակամարտության փուլային կարգավորում, և դրանք սկսել են քննարկվել 2019 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման ընթացքում։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ 2018 թվականի սկսած գործընթացը սահմանափակվել է որոշ տարրերի շուրջ կողմերի քննարկումով ու գնահատականով։
Իսկ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները, ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:
Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ ինչ էլ ներկայումս կողմերը կամ համանախագահները խոսեն կարգավորման գործընթացի այս կամ այն բովանդակության մասին, այն իրականանալի չէ։
Այն հակասությունները, որոնք ի հայտ են գալիս ժամանակ առ ժամանակ, նրա կարծիքով՝ ապացուցում են այն, որ բոլորը խոսում են «տարբեր լեզուներով» այդ թվում՝ հանդիպումների ընթացքում, և կողմերից յուրաքանչյուրը սեփական խնդիրն է լուծում։
Մալաշենկոյի դիտարկմամբ՝ յուրաքանչյուրն իր օրակարգն ունի՝ համանախագահներն ամեն դեպքում փորձում են կողմերին ներկայացնել առաջարկներ, կարգավորման պրոյեկտներ, որոնք արվում են Ռուսաստանի առաջնորդությամբ, որոնք մասամբ են ձեռնտու Ադրբեջանին, իսկ Հայաստանը ժամանակ է շահում այնքան, մինչև գործընթացին Արցախին միացնելու համաձայնություն լինի։
«Այս ընթացքում ՀՀ մարտավարությունը նաև եղել է՝ աշխատել հումանիտար ծրագրերի ուղղությամբ, սակայն որոնց զուգահեռ կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկվել, այդ մասին ամիսներ առաջ խոսել են ադրբեջանական կողմից ևս։ Հասկանալի է, որ կարգավորման փուլային տարբերակն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ անընդունելի է եղել հայկական կողմի համար, սակայն այդ փաթեթների մասին, դրանց անընդունելիության մասին, ըստ իս, չի խոսվել, քանի որ երևի թե այդ մասին պետք է խոսեր Ղարաբաղի ներկայացուցիչը, քանի որ ՀՀ իշխանությունները հաճախ էին նշում, որ չեն կարող խոսել Ղարաբաղի անունից, և Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, կարծում եմ՝ ներկայումս ստեղծված իրավիճակի բուն պատճառները պետք է փնտրել այս ընկալումներում»,- ասաց Մալաշենկոն։
Նրա կարծիքով՝ գուցե պատահական չէ, որ այդ պրոյեկտի մասին հիմա է խոսվում, քանի որ Արցախում ընտրություններն ավարտվել են, և գուցե ավելի առարկայական խոսակցություն դրանց շուրջ կարող է սկսվել այս փուլում։
«Այնուամենայնիվ գտնում եմ, որ ոչ թե տարաձայնություններ կան, այլ բնական և հասկանալի հակասություններ։ Կարծում եմ՝ այս փուլում ավելի կարևոր է, որպեսզի բախումներ չլինեն սահմանին, և կողմերը, նկատի ունեմ՝ Ռուսաստանն ու Հայաստանը, փոխըմբռնում ունենան բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ գազի և մի շարք այլ հարցերի շուրջ, կարծում եմ՝ դա ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բոլոր հարցերում հայ-ռուսական համագործակցության համար։ Իսկ գազային բանակցություններից երևում է, որ Հայաստանի հայտն այդքան էլ հասկանալի չէ ռուսական կողմի համար, ինչը կարող է տարօրինակ թվալ, ուստի պետք է ավելի հաճախ լինեն շփումները, որպեսզի բաց չառաջանա որոշ հարցերում»,- ասաց նա։