Բաժիններ՝

Հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, կանխավճարների երկարաձգում Կառավարությունը չի քննարկում. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի և Կառավարության համատեղ ծրագրին՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որը երեկ ընդունեց օրենսդիրը, մանրամասնեց, որ այս ծրագիրը քննարկվել է Կառավարության՝ տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումների ժամանակ, սակայն «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ նման առաջարկությամբ արդեն հանդես է եկել Մելքումյանը, ինչից հետո Կառավարությունը որոշել է գաղափարը քննարկել պատգամավորի հետ:

«Հարկային պարտավորությունների չկատարման ուշացրած օրերի համար սահմանված տույժը 0.75 հազարերորդականից իջեցվեց 0.4 հարյուրերորդականի՝ կիսով չափ նվազեցվեց: Գույքի արգելանքի կիրառման պարագայում 500.000 դրամի շեմը բարձրացվեց 1.5 մլն դրամ: Այսինքն, եթե հարկ վճարողն ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200.000 դրամը, ապա չի հարուցվում վարչական վարույթ այն գանձելու համար, եթե պարտավորությունը չի գերազանցում 500.000 դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում: Իրավական այս փոփոխությունով՝ 1.5 մլն-ի շեմի սահմանումը և ուշացած օրերի դրույքաչափի կրճատումը, մենք մեր հարկ վճարողներին վարկավորման գործիք ենք առաջարկում՝ 14.6 տոկոս տոկոսադրույքով վարկային գծի նման հնարավորություն, որի պարագայում այլ սանկցիաներ չեն իրականացվում»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ընդունված օրենքը կիրառելի է լինելու ապրիլի 21-ից ծագած իրավահարաբերությունների համար: 1.5 մլն դրամի կիրառումը կսկսվի հենց ապրիլի 21-ից, իսկ տոկոսային հաշվարկների ծրագրային փոփոխությունների համար 1.5 ամիս ժամանակ է պետք: Անանյանը վստահեցրեց, որ, եթե հարկ վճարողները նկատեն, որ իրենց հարկային պարտավորությունների կատարման ուշացրած օրերի տուգանքները հաշվարկվում են 0.75 հազարերորդական տոկոսադրույքով, ապա կարող են չանհանգստանալ, ամեն ինչ կշտկվի:

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե Կառավարությունը չի՞ պատրաստվում հարկային արտոնություններ տալ այն կազմակերպություններին, որոնք չեն աշխատել արտակարգ դրության պայմաններում և եկամուտ չունեն, Դավիթ Անանյանը պատասխանեց.

«Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, նաև չեն գեներացրել հարկման օբյեկտներ, չեն ունենալու հարկային պարտավորություններ: Կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ հարկային պարտավորությունների չեղարկում, կասեցում կամ ներում չի քննարկվում: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ, որի վառ ապացույցը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունն է»։

Ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք եկամուտ չեն ունեցել, կանգնել են ՊԵԿ-ին՝ նախորդ տարվա վճարած հարկերի 20 տոկոսի չափով կանխավճար վճարելու խնդրի առաջ:

Դավիթ Անանյանի խոսքով՝ նրանք պետք է ավելի շուտ կողմնորոշված լինեին:

«Օրենսդրությամբ կա այդպիսի հնարավորություն, կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի այլընտրանքային եղանակից՝ նախորդ եռամսյակի շրջանառության երկու տոկոսի չափով կանխավճար: Կարծում եմ՝ պետք է օգտվեին այդ հնարավորությունից, քանի որ մարտի 1-ին մենք արդեն կորոնավիրուսի հաստատված դեպք ունեինք, մարտի 16-ից էլ ունենք հայտարարված արտակարգ դրություն, հետևաբար՝ մարտի 1-ից մինչև կեսը տնտեսվարողները հնարավոր խնդիրների վերաբերյալ կարող էին գնահատականներ ունենալ»,- ասաց Դավիթ Անանյանը՝ տեղեկացնելով նաև, որ  կանխավճարների տարկետման, երկարաձգման քննարկում չկա: Չնայած ցանկացած միջոցառում կարող են քննարկել՝ կախված ստեղծված իրավիճակից:

«Իրավիճակն այս պահին չենք գնահատում այնպես, որ չեղարկենք կանխավճարները»,- ասաց Անանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս