Բաժիններ՝

Բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին ազատությունից զրկելը հակամարդկային է. Տիգրան Աթանեսյան

«Ընթացակարգն ինքնանպատակ չէ: Ընթացակարգը մարդու հիմնարար իրավունքների հնարավորինս պաշտպանության ապահովման համար է: Եվ պարզ չէ, թե ում բանավոր կարգադրության հիման վրա ինչ-որ մեկը պետք է մարդուն ազատությունից զրկի, անորոշ վայրում, անորոշ ժամկետով, անորոշ ռեժիմով պահի: Սա անգրագիտության ծայրահեղ դրսևորում է»,-  168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Covid-19 Հայաստան» փաստահավաք խմբի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը՝ պատասխանելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծով  մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնին բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն տալու մասին հարցին:

Տ. Աթանեսյանի խոսքով՝ պրակտիկայում այս նախագծի կիրառումը խնդիրներ է առաջացնելու, դժվար է լինելու ապացուցել, օրինակ, ո՞ր մարդու վերաբերյալ է բանավոր հրահանգ տրվել, եթե քաղաքացին հայտարարի, որ նման հրահանգ չի եղել:

«Ճիշտ է՝ համաճարակի ժամանակ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս մարդու ազատության սահմանափակում: Դա բնական է և դա բոլոր երկրներն էլ ունեն, քանի որ դա անհրաժեշտ է: Բայց նույնիսկ այդ պայմաններում մեր Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի ապահովվի, օրինակ, անձի դատական կարգով բողոքարկման իրավունքը:

Եթե կարգադրությունը բանավոր է, ո՞նց է բողոքարկվելու, ո՞նց է ապահովվելու փաստաբանի մասնակցությունն այդ բողոքարկմանը: Բացի դա՝ չկա բողոքարկման ընթացակարգը: Պետք է լինի հստակ պաշտոնատար անձ, հստակ պատասխանատվությամբ և անձին ազատությունից զրկելու որոշում, պետք է լինի գրավոր, իրավունքների պարզաբանմամբ և իրավական առումով մաքսիմալ որոշակի: Քանի որ այդ ամենը չկա այդ նախագծում, սա հակասահմանադրական է, պարզապես հակամարդկային է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Անդրադառնալով պնդումներին, թե Արտակարգ դրությունը պահանջում է արագացված գործողություններ, փաստաբանն ասաց, որ այս դեպքում նպատակը, անշուշտ, շատ բարձր է, խոսքը ժողովրդի առողջության և հիվանդների կյանքի մասին է, բայց նույնիսկ այս դեպքում պետք էր հետևել Սահմանադրությանն ու օրենքներին:

«Խոսքը չի գնում 15 րոպեի ընթացքում ինչ-որ քայլ անելու, ֆորսմաժորային իրավիճակի մասին: Կառավարությունը հսկայական ապարատ ունի, կան նախարարություններ, պարգևավճարներ են ստանում, ու պետք է աշխատել Սահմանադրությանը, օրենքներին համահունչ: Մեր Սահմանադրությունը և օրենքներն այդ հնարավորությունը տալիս են: Ես համոզված եմ, որ իրենք ժամանակ ունեին օրենքի տարրը պահպանելով՝ գնալ այդ քայլերին»,- նշեց Աթանեսյանը:

Գործող սահմանափակումներն և դրանք խախտելու համար նախատեսված վարչական տույժերն էլ, փաստաբանի խոսքով, «հերիք չէ՝ արված են օրենքի խախտմամբ, մի բան էլ՝ նպատակին չեն ծառայում»:

Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ անգամ այսօր բոլոր այն քաղաքացիները, որոնք տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար վարչական տույժերի են ենթարկվել, կարող են բողոքարկել այդ որոշումները:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմը նախատեսում է անձի տեղաշարժի իրավունքի սահմանափակում՝ որպես միջոց: Կառավարության որոշման մեջ նշված են 14 միջոցներ, որ կառավարությունը մատնացույց անի, թե որ միջոցներն է նա կիրառում: Հետո, երբ որոշումը գնա ԱԺ, խորհրդարանն իրավունք ունի  հանել, կասեցնել և այլն: Այսինքն՝ անցնում է օրենսդրի «թրի տակով»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով միտքը, որ մարտի 16-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման մեջ երկրով մեկ տեղաշարժի սահմանափակման միջոց նախատեսված չէ:

«Ընդ որում, դա նախատեսված չէ նաև երկարացման որոշման մեջ: Նաև պարետին նման լիազորություններ տրված չէ: Եթե կառավարությունը, օրինակ, նշեր, որ նշանակում է պարետ, որը կարող է անել որոշակի գործառույթներ, ու դա անցներ ԱԺ-ով, դա իրավական առումով հասկանալի կլիներ: Բայց որոշման մեջ չկա նման բան, պարետին նման լիազորություն կառավարությունը չի տվել, և պարետը, կարելի է ասել՝ ինքնագլուխ, մտցրել է այդ սահմանափակումը: Հասկանում ենք, համաճարակ է, դեմն առնելու համար ծայրահեղ միջոցներ են պետք, բայց մեր օրենսդրությունն այդ բոլոր հնարավորությունները տալիս է՝ համապատասխան կարգեր պահելով: Եթե պարետը չունի կառավարության որոշմամբ իրեն տրված այդ իրավունքը, հետևաբար՝ ինքը չի կարող կիրառել այդ սահմանափակումը, հետևաբար՝ դրա հիման վրա կիրառվող վարչական տույժերը չունեն իրավաբանական ուժ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծին հավանություն տալու մասին որոշում, որով մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնին բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկելու հնարավորություն տվեց։ Նախագծի համաձայն՝ անձին ազատությունից զրկել կարող է արտակարգ դրության պայմաններում միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինը՝ դրա մասին անձին բանավոր հայտնելով։

«Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը»,- ասված է որոշման նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս