«Մեր արտահանման «ավանդական» շուկաներում լինելու են սպառման վարքագծի փոփոխություններ». Նարեկ Ալեքսանյան
168.am-ի հարցազրույցը «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ:
– Համաճարակային ճգնաժամը, բնականաբար, տնտեսական կորուստների և հետևանքների է հանգեցնելու, ինչից անմասն չի կարող մնալ արտահանման ոլորտը` ժամանակավոր փակ սահմաններ, շուկաներ: Արտահանման ծավալների վրա սա ի՞նչ չափի ազդեցություն է ունենալու, և ի՞նչ վերանայումներ, ինչո՞ւ չէ` հետևություններ պիտի անի պետությունն այս քաղաքականության մեջ: Գուցե կարող ենք ինչ-որ չափով շահա՞ծ դուրս գալ, եթե ճիշտ հաշվարկներ անենք:
– Գալիք ճգնաժամի գործոնները բազմաբևեռ են՝ առողջապահություն, տնտեսություն, ֆինանսներ, միջազգային հարաբերություններ և այլն։ Արդեն կարող ենք փաստել, որ մեր արտահանման «ավանդական» շուկաներում լինելու են սպառման վարքագծի փոփոխություններ՝ առցանց առևտրի ավելացում, միջին կտրոնի նվազում և այլն։ Պետք է այս ամենն ընդունել, վերլուծել և ուժեղացնել մեր առաջարկը։ Թե’ բիզնեսի, թե’ պետության ջանքերը պետք է ուղղված լինեն արտահանման շուկաներում Հայաստանի` որպես հուսալի գործընկերոջ կարգավիճակի պահպանմանը, և ռիսկերի (մաքսային, լոգիստիկ և այլն) գործառնական կառավարմանը։
– Նախքան համաճարակային իրավիճակը որքանո՞վ էինք օգտագործում, այսպես ասած, մեր արտահանման ներուժը` և՛ քանակական, և՛ որակական առումով: Արդյո՞ք օգտվում ենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի ընձեռած հնարավորություններից ամբողջապես, եթե ոչ` խնդիրը մե՞ր մեջ է, թե՞…
– Խնդիրը մասամբ լուծում է դիվերսիֆիկացումը, այն պետք է դառնա մեր արտահանման կարևոր սկզբունքներից մեկը։ Նույնիսկ «ավանդական» ռուսական շուկայում մեր ներկայանալը կենտրոնացված է Մոսկվայի վրա, և գրեթե անտեսված են Սիբիրը և Հեռավոր Արևելքը, կամ աշխատելով առևտրային կազմակերպությունների հետ՝ անտեսում ենք հյուրընկալության ոլորտը։ Դիվերսիֆիկացումն ինքնանպատակ չէ, այն պետք է ուղղվի ընկերության ֆինանսական կայունությանը և կոմերցիոն զարգացմանը։
– Որքանո՞վ է ապրանքի ճիշտ փաթեթավորումը, մարքետինքը նպաստում արտահանման հաջող պատմություններ ունենալուն: Մշտապես լսում ենք, որ հայ արտահանողները, այդ թվում` միրգ արտահանողները, այս հարցում խնդիր ունեն, առաջին հայացքից մանրուք թվացող նման հարցերին լուրջ չենք մոտենում:
– Երկարատև և աճող արտահանման համար կարևոր է հաճախորդամետությունը, որը բազմազան գործիքների համալիր է։ Առաջին հայացքից թվում է, թե շահույթի համար բոլորս էլ պատրաստ ենք հաճախորդին կարևորել, գործնականում Հայաստանի սպառողի պահանջներով և նախընտրություններով ստեղծված և փաթեթավորված ապրանքը փորձում ենք առանց հարմարեցման իրացնել արտաքին շուկաներում ուրիշ սպառողական վարքագծով և մշակույթով սպառողին։
Իհարկե, ունենք ընկերություններ, որոնք այս խնդիրը լուծել են և լուրջ հաջողությունների են հասել։
– Որքանո՞վ է պաշտպանված արտահանողը, որքանով` ներմուծողը:
– Եթե թույլ տաք՝ մի փոքր կփոխեի հարցադրումը` որքանո՞վ է պատրաստ։ Հենց այս պատրաստվածությունից է գալիս թե՛ արտահանման առօրյա և երկարաժամկետ խնդիրների լուծումը, թե՛ պետության հետ երկխոսությունը և աջակցության գործիքների արդյունավետ կիրառումը, ինչպես նաև այդ գործիքակազմի մշակման մեջ ակտիվ մասնակցությունը։
Այս ամենում մեծ դերակատարություն ունեն մասնագիտական կադրերը և վերապատրաստման համակարգը։
– Եթե ավելի գլոբալ. ի՞նչ պիտի փոխվի ՀՀ արտաքին և ներքին տնտեսական քաղաքականության մեջ, ի՞նչ վերանայումներ պիտի արվեն, ինչո՞ւ չէ` նաև հարկային և ներդրումային միջավայրում:
– Կարևորում եմ պետական մակարդակով խրախուսել և աջակցել ընկերություններում արտահանման դեպարտամենտների (կամ մասնագետների) ձևավորումը և մասնագիտական զարգացումը, ինչպես նաև աջակցության ծանրակշիռ մասն ուղղել արդյունավետ թվային լուծումների ներդրմանն արտահանման խթանման գործիքակազմում։
Մտնում ենք գլոբալ փոփոխությունների փուլ և պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալների։ Համոզված եմ, խնդիրների ճիշտ առաջնահերթության և համակարգային լուծումների շնորհիվ կկարողանանք հաղթահարել այս ամենը և միգուցե տեղ-տեղ հաղթանակներ գրանցել։