«Թող լինի հստակ հայտարարություն, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում, կամ չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով, եթե Արցախի հարցի շուրջ կան դրույթներ, որոնց շուրջ էլ Հայաստանը զրուցում է, դրանք պետք է ավելի հասկանալի ու բաց լինեն:

«Դժվար է գնահատականներ տալ, քանի որ մենք բանակցային անմիջապես փուլի մեջ չենք, բայց քանի որ գոյություն ունի հանրային բավականին լուրջ պահանջ, և ՀՀ արտգործնախարարության կողմից հայտարարություն է արվում, թե ոչինչ չեն թաքցրել և միշտ եղել են բաց, ուստի, եթե միշտ բաց են եղել, ապա թող լինի հստակ հայտարարություն, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում, կամ չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր:

Գիտեք, շատ հեշտ է դուրս գալ մի կողմից՝ դավադրությունների տեսությունից, և հասկանալ, որ դիվանագիտական շատ լուրջ ու ծանր գործընթաց է տեղի ունենում, մյուս կողմից էլ՝ հասկանալ, որ այդ գործընթացի շուրջ ծավալվող պրոցեսները չպետք է մեզ կողմնակի վնասներ տան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Արցախի հարցի լուծման հետ:

Հիշեցնենք, որ Ս. Լավրովը հայտարարել է, որ բանակցային սեղանին դրված է https://168.am/2020/04/21/1292373.html նախագիծ, ինչը ենթադրում է հարցի  փուլային կարգավորում:

Ըստ նրա՝ կա հստակ ու պարզ գաղափար, որ թուրքական և ադրբեջանական կողմը երբեք չեն կարողանում օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հանրային դաշտում, ուստի իրավիճակի հետ կապված՝ պետք է արվեն սառը դատողություններ, որպեսզի թույլ չտրվեն հակառուսական տրամադրություններ գեներացնելու:

«Մինսկի խմբի համանախագահները մանդատ չունեն ստիպելու, նրանք մոդերատոր են, որոնք գործողությունների ընթացքում  նոր գաղափարներ են գեներացնելու, որևէ գաղափար են ասում, հիմա այս ամբողջ ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ է պարզաբանում»,- շեշտեց Արման Աբովյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ արտգործնախարարությունն ընդամենը երկու հարցի պետք է պատասխանի՝ փուլային կարգավորման մասին խոսք կա՞, և կա՞ խոսք տարածքների զիջման մասին:

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը ոչնչի պատրաստ չէ, պատրաստ էլ չի լինի, քանի որ Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է՝ նվազագույնը տարածաշրջանից հայկական բնիկ բնակչության կա՛մ վտարումը, կա՛մ ոչնչացումը:
«Հիմա, երբ ասում են, որ համատեղ բնակավայրեր պետք է լինեն, և այլն, այդ թեզերը, որոնք հնչեցվում են, որն ԱԳՆ-ն հերքեց, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ համատեղ բնակավայրերի մասին է խոսքը, երբ առհասարակ չգիտեք, թե դեպի ուր է գնում քաղաքական գործընթացը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս