Երևան քաղաքի դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին հորդորել է հարցերն ուղղել Աննա Դանիբեկյանին
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար դատարան ներկայացրած 3-րդ դիմումին:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ին փոխանցեց, որ դատարանից ստացված պատասխանում ասված է, որ պաշտպանական կողմը տեղեկացված է, որ Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին վերադառնալու է աշխատանքի, և հորդորել է հարցերն ուղղել հենց Դանիբեկյանին:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացրած դիմումով փաստաբանը խնդրել էր տեղեկացնել, թե կոնկրետ որ օրն է դատարանին հայտնի դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչև ապրիլի 16-ը, ի՞նչ եղանակով է այդ մասին տեղեկացել դատարանը, փաստաբանի դիմումը ստանալուց առաջ կամ հետո դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձել է ճշտել՝ դատավոր Դանիբեկյանը համաձա՞յն է արդյոք, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, արդյո՞ք Աննա Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, չտալու դեպքում ի՞նչ պատճառաբանություններ է ներկայացրել, և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
Փաստաբանն առաջիկայում պատրաստվում է 4-րդ դիմումն ուղարկել Երևան քաղաքի դատարան՝ նույն հարցերի պատասխանները ստանալու համար:
Տեղեկացնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին եկել էր աշխատանքի և կրկին արձակուրդ ձևակերպել: Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին: