Բաժիններ՝

«Համավարակն իրենով փոխարինեց երրորդ համաշխարհային պատերազմը. սկսվել էին առևտրական պատերազմներ, որոնք վերածվում էին իրական «պրոքսի» պատերազմների». Արամ Փախչանյան

168.am-ը զրուցել է «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հետ

Անընդհատ խոսում ենք կորոնավիրուսի կամ կորոնավիրուս «երևույթի» տնտեսական հետևանքներից, տնտեսական վերանայումներից` բացի առողջապահական համակարգի վրա ազդեցությունից, մինչդեռ դրա անսպասելի ազդեցությունն իր վրա զգաց նաև կրթական համակարգը: Ըստ այդմ` սրանից ի՞նչ դասեր պիտի քաղել, ի՞նչ վերանայումներ պիտի անել կրթական ոլորտում` ուսուցման կազմակերպումից մինչև կրթական համակարգի կառավարում: Թեպետ մինչ այս էլ, վստահ եմ, կրթական համակարգը խորքային փոփոխության կարիք ուներ:

– Մեր ժամանակներում ցանկացած կրթական համակարգ, որքան էլ այն զարգացած է և արդյունավետ, կարիք ունի փոփոխության։ Միայն զուտ կրթական արդյունքների բարելավումը բավարար չէ, կրթական համակարգը նաև պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին։ Այս ճգնաժամը վերհանեց ոչ միայն Հայաստանի, այլ շատ այլ երկրների կրթական համակարգերի հիմնական աքիլեսյան գարշապարը՝ աշակերտների և ուսանողների, բայց նաև ուսուցիչների և դասախոսների չափազանց մեծ կախվածությունը կրթավայրից և ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին թելադրված ուսումնական գործընթացի կածրատիպերից։ Դրա հետ մեկտեղ բացահայտվեց, որ կրթական հաստատությունները շարունակում էին կիրառել նախնադարյան մոտեցումներ, կարծես շուրջբոլորը 21-րդ դարը չէ, և համակարգչային կապի միջոցներն ուսումնական գործունեության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Շատ դեպքերում կապի միջոցներից հիմնականում էլ.փոստ էինք կիրառում, որը նախորդ դարի 70-ականների տեխնոլոգիա է, իսկ համակարգիչն օգտագործում էին որպես տպամեքենա։

Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք պետք է վերանայենք աշակերտի, ուսանողի, դավավանդողի և ծնողի դերերը կրթական գործընթացում։ Սովորողը պետք է դառնա իր կրթության տերը։ Եթե գանք դպրոցների օրինակին, ապա աշակերտը ծնողի և ուսուցչի աջակցությամբ պետք է տնօրինի իր կրթության գործընթացը` գիտակցելով դրա նպատակը, իմաստը և ակնկալվելիք արդյունքները։ Կրթությունը պետք է դառնա անհատականացված այն առումով, որ ամեն աշակերտ պետք է ստանա այնքան աջակցություն, որքանի կարիքն ունի, և դրա համար պետք է կիրառվի ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունը։ Համահավասարեցումը կրթության մեջ անընդունելի է՝ ամեն աշակերտ անհատականություն է և պահանջում է իր նկատմամբ հատուկ վերաբերմունք։ Դրա հետ մեկտեղ՝ ամեն երեխա պետք է ստանա որակյալ ուսուցչական աջակցության հնարավորություն։ Որակյալ կրթությունը հենց դա է՝ ճիշտ, տեղին և արդյունավետ աջակցությունը, որը իրականանում է արդյունավետ և կրթությանը դրան նպաստող միջավայրում։

Կրթական գործընթացը ներառում է երեք հիմնարար գործոն՝ մարդիկ, միջավայր և միջոցներ։ Մենք պետք է աշխատենք դրանցից յուրաքանչյուրի վրա։ Մենք պետք է բարձրացնենք կրթության մեջ ներառված մարդկանց աշխատանքի որակը։ Պետք է  զարգացնենք կրթական միջավայրը լայն իմաստով՝ այն ներառում է ոչ միայն շենքը, այլև միջմարդկային շփումը, տեղեկատվական միջավայրը, կրթական հաստատությունը շրջապատող տարածքը։ Պետք է սկզբունքայնորեն վերանայել մոտեցումը կրթության մեջ առցանց գործիքների կիրառման նկատմամբ՝ մեր այսօրվա փորձից ելնելով, ճիշտ օգտագործման դեպքում դրանք շատ արդյունավետ են և կարող են բազմաթիվ խնդիրներ լուծել։

Շարունակելով միտքը, կրթական աշխարհն ի՞նչ փոփոխության է ենթարկվելու, որին համահունչ պիտի փորձենք քայլել: Ի դեպ, որքանո՞վ ենք համահունչ քայլել մինչ այժմ, որքանո՞վ է մրցունակ հայկական միջնակարգ և բարձրագույն կրթությունը, ինչո՞ւ չէ` նաև աշխատաշուկայի պահանջներին:

-Կրթական աշխարհը մեծ վերափոխումներ է ապրելու շատ կարճ ժամկետում, այն դառնալու է ավելի իրատեսական, նպատակաուղղված և անհատականացված։ Երբ ամեն բան ընթանում է սովորական հունով, շատ դժվար էր կտրուկ փոփոխություն մտցնել։ Այժմ, երբ ամեն բան այլ կերպ է, փոփոխություններն անխուսափելի դարձան, և հետվերադարձ չի լինելու։ Իհարկե, երբ ճգնաժամը անցնի, շատերը կփորձեն նախկինը վերականգնել, սակայն դա չի ստացվի՝ աշխարհը բացահայտումներ արեց, և այդ բացահայտումները հնարավոր չէ անտեսել։

Գործնական կիրառում են ստանալու առցանց ուսուցման միջոցները, դպրոցների դեպքում աճելու է ծնողների պատասխանատվությունը երեխաների կրթության համար։ Վերանայվելու են դպրոցում իրականացվող կրթության ձևաչափերը։

Մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը նրանում է, որ մինչ այսօր այն ընդամենը վերարտադրում էր իրեն։ Նորարարությունները քիչ էին և տեղային։ Եթե դպրոցական կրթության դեպքում կարելի է պատճառ բերել համակարգի ծավալը, ապա համալսարանների պարագայում հիմնական խնդիրը տնտեսական իրավիճակն է։ Այնպես չէ, որ նման պայմաններում կրթությունը զարգացնելը հեշտ էր։ Սակայն շատ ավելին կարող էր արվել, քան արվել է, իսկ այսօրվա իրականությունը դա մերկացրեց։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը կսթափեցնի կրթական հաստատությունների ղեկավարներին, բայց նաև կօգնի իրենց, քանի որ կարծրատիպերը կոտրվել են, և հնարավորություն է բացվել սկսել նոր էջից։

Ինչպե՞ս անել, որ կոտրելով կարծրատիպերը, միաժամանակ չհեռանանք ազգային գաղափարախոսությունից և արժեքներից:

– Ես նշեցի, որ կրթության հիմնարար բաղադրիչներից մեկը միջավայրն է, քանի որ հենց դրա շնորհիվ է ձևավորվում մարդը, իսկ մարդու ձևավորումը կրթական գործընթացի հիմնական նպատակն է։ Միջավայրի բաղադրիչներն անընդհատ փոխվում են՝ շնորհիվ նրա, որ փոխվում է մեր կենցաղը, դա միշտ եղել է և միշտ կլինի։ Կրթության նպատակն է՝ անել այնպես, որպեսզի երիտասարդը ձեռք բերի արժեքները և ունենա ըստ արժեքների իր միջավայրում ապրելու կենդանի փորձ։ Արժեքները ձեռք են բերվում դրանց համար պայքարում և դրանց համապատասխան գործելիս։ Այլապես դրանք արժեք չեն։ Ազգային գաղափարախոսությունն արժեքների առանցք է, որի շուրջ դրանք դասավորված են մարդու ընկալումների մեջ։ Օրինակ՝ խաղաղությունը և մարդկային կյանքը համամարդկային արժեքներ են, բայց մեզ համար ավելի մեծ արժեք է մեր տեսակը պաշտպանելը, և եթե այդ երկու արժեքները բախվեն, մարդը պետք է ի վիճակի լինի ճիշտ և գիտակցված որոշում կայացնել։ Այդ ամենը կարծրատիպերի հետ որևէ աղերս չունի, քանի որ դրանք չգիտակցված, թերի և այլոցից ներշնչված պատկերացումներ են, որոնք շատ հեշտ են սասանվում։

Ո՞ր երկրի կրթական համակարգն է Ձեզ համար օրինակելի, որից կարելի է ինչոր բաներ վերցնել, որը կարող է, այսպես ասած, աշխատել մեր դեպքում:

– Մենք բոլոր երկրներից էլ սովորելու բան ունենք, ոմանցից՝ թե ինչ կարելի է անել, իսկ ոմանցից՝ ինչ պետք չէ անել։ Մի կողմից՝ կան երկրներ, որոնք ունեն զարգացած կրթություն, սակայն այդ երկրները շատ տարբեր են մեզանից իրենց պատմությամբ, մշակույթով և իրականությամբ, օրինակ՝ Ֆինլանդիա, Սինգապուր, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ։ Այդ երկրների փորձը պետք է անպայման ուսումնասիրել՝ գիտակցելով սակայն, որ այն մեզ համար մեծ մասով կիրառելի չէ։ Մյուս կողմից՝ կան մեզ հետ պատմության զգալի կտորը կիսած երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Ղազախստանը, Էստոնիան, Լեհաստանը, որոնցից դարձյալ շատ բան կա սովորելու։ Այս առումով շատ յուրահատուկ է Էստոնիան, որին հաջողվեց արագ անցում կատարել կրթության հետխորհրդային վիճակից` ստեղծելով Եվրոպայի լավագույն կրթական համակարգերից մեկը։

Բնական է, որ իրենք վայելում էին քույր պետության՝ Ֆինլանդիայի մեծ աջակցությունը, սակայն իրենց համակարգը ֆիննականի կրկնությունը չէ, իսկ բարեփոխումների ընթացքն ամբողջապես այլ է եղել։ Այդ երկիրը մոտ է մեզ ազգաբնակչության քանակով, մեկնարկային պայմաններն էլ նույնն էին, և իրենցից կարելի է շատ բան սովորել։ Բայց քոնը դու պետք է ստեղծես, այլոց կրթական լուծումները մեզ մոտ նույն կերպով չեն աշխատի և չեն ներդաշնակի մեր մշակույթին և ազգային նկարագրին։ Այս ճգնաժամը դուռ է բացում կրթական ստեղծարարությանը նոր թափ տալու համար, ինչը հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք արագ առաջ գնալ և սկսել վերջապես փոխել շատ բաներ՝ դրանց մասին անընդհատ ընդամենը խոսելու փոխարեն։

Ի՞նչ աշխարհակարգ, հասարակարգ է մեզ սպասում այս արագ փոփոխվող աշխարհում` աշխարհաքաղաքական, աշխարհագաղափարական, աշխարհահասարակարգային:

– Մենք գնում ենք դեպի արտադրություն և կյանքի զգալի ոլորտներում մարդու դերի համատարած նվազեցման: Համավարակը և դրա տնտեսական հետևանքներն այդ գործընթացին նոր իմպուլս կհաղորդեն, քանի որ գիտակցվեց, որ շատ բիզնեսներում ամենախոցելի օղակը մարդն է։ Այս փոփոխությունների հետևանքները բարդ են և անկանխատեսելի։

Կարծում եմ՝ այս համավարակն իրենով փոխարինեց երրորդ համաշխարհային պատերազմը` զգալի վնաս հասցնելով, և դա՝ առանց շենքերը քանդելու և հարյուր-միլիոնավոր մարդկանց ոչնչացնելու։ Միգուցե որոշ ժամանակ հետո մենք շնորհակալ կլինենք COVID-19-ին դրա համար։ Համաշխարհային տնտեսությունը մտել էր գերարտադրության փակուղի, սկսվել էին առևտրական պատերազմներ, որոնք, այսպես թե այնպես, վերածվում էին իրական «պրոքսի» պատերազմների։ Քաղաքական հակադիր ուժերն ակնհայտ սկսում էին իրար սպառնալ իրական պատերազմներով։

Համավարակի իրադարձությունները բացահայտեցին այն փաստը, որ հնարավոր չէ ապահովել հարմարավետություն փակ տարածքում` անտեսելով մոլորակում տիրող համատարած աղետը։ Առաջին զանգը հնչեց, երբ միջին արևելյան պատերազմների փախստականները կաթվածահար արեցին Եվրոպան։ Սա երկրորդ, շատ ավելի հնչեղ ահազանգն է։ Ամեն դեպքում բիզնեսներն արդեն արձագանքում են նոր ընկալումներին՝ զուտ առևտրային գովազդը կտրուկ նվազել է, դրա փոխարեն՝ աճել է բիզնեսների սոցիալական ակտիվության բաղադրիչը, քանի որ դա շատ ավելի է կարևորվում։

Համավարակը կբերի այն բոլոր համակարգերի և կառույցների զգալի փոփոխությունների, որոնք կամ անմիջականորեն առնչվեցին դրա հետ, կամ տարան իրենց վրա դրա բոլոր հետևանքները՝ առողջապահության, կրթության, ռեստորանային, տրանսպորտային, հյուրանոցային և այլն։ Դրանք այլևս նախկինը չեն լինելու։

Այս իրադարձությունները նաև բացահայտեցին մարդկանց համար իրենց խոցելիությունը, ապացուցեցին, որ անվտանգության զգացողությունը խաբուսիկ է։ Կարծում եմ՝ դա կտրուկ կբարձրացնի գլոբալ բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը, մարդիկ ավելի սուր կարձագանքեն այլ տարածքներում, իրենց տներից հեռու կատարվող իրադարձություններին, ավելի ներգրավված կլինեն ընդհանուր խնդիրների մեջ։ Երկիր մոլորակը շատ փոքրացավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս