«Անհարկի խոչընդոտներ մի’ ստեղծեք քաղաքացիների համար». Նաիրա Զոհրաբյանը՝ առևտրային բանկերին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությանը երեք փաթեթ են ներկայացրել՝ օրավարձով աշխատողների, տաքսու վարորդների և միայնակ ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Առաջարկ են արել նաև բանկերում վարկառուների «սև ցուցակների» վերաբերյալ, որի մասով Կառավարությունը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ աստիճանաբար դրանց կանդրադառնա:
«Քիչ առաջ շրջանառության մեջ դրեցի մի օրենսդրական նախաձեռնություն, որին սպասում էին բոլոր տնտեսվարող սուբյեկտները, քանի որ մեծ մասամբ վերաբերում է նրանց, նաև փոքր և միջին ձեռներեցներին: Նախագծով, օրինակ, նախատեսված է, որ օրական հարկային պարտավորությունների չկատարման կամ հետաձգման տույժերը երկու անգամ կիջնեն, եթե այսօր օրական հաշվվում է 0,75 տոկոս, ապա այդ նախագծով կդառնա 0,4 տոկոս: Սրանից զատ, գիտենք, որ հարկային պարտավորություն չկատարելու համար Պետական եկամուտների կոմիտեն իրավասու է արգալափակել տվյալ տնտեսվարողի գույքը և հաշիվները, եթե հարկը կազմում է 500 դրամից ավելի, հիմա մենք երեք անգամ բարձրացնում ենք այդ թիվը՝ 1,5 մլն դրամ, ասեմ, որ այս թիվը փոքր ու միջին ձեռնարկությունների տարեկան հարկն է կազմում: Սա եղել է մեր բանակցությունների արդյունքում ՊԵԿ-ի և Կառավարության ներկայացուցիչների հետ»,- նշեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ այսօր օրակարգում առկա հրատապ երկու խնդրի. նախ՝ ուսանողների վարձերի հետ կապված՝ պատգամավորը Կառավարությանն առաջարկեց առնվազն 25 տոկոսով զեղչել ուսանողների վարձավճարները, քանի որ հազարավոր ուսանողներ կան, որոնց ծնողներն այս պահին տանը նստած են և չեն աշխատում, ուստի հնարավոր չէ վարձերն ամբողջությամբ վճարել:
«Դիմում եմ նաև առևտրային բանկերին, որոնք տրամադրում են գյուղացիական վարկեր՝ անհարկի խոչընդոտներ մի ստեղծեք քաղաքացիների համար, քանի որ դրանով վնասում եք այն բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, որը նախատեսված է այս ֆորսմաժորային իրավիճակում: Կրկին դիմում եմ Կառավարությանը, որ լուծի օրավարձով, չգրանցված աշխատողների խնդիրը, նրանք այսօր գտնվում են սոցիալական վատ վիճակում, սա բերելու է լրջագույն խնդրի, եթե հարցն այս կամ այն ձևով չլուծվի»,- եզրափակեց նա: