Բիզնեսում փայ մտնել, ահաբեկել. այս երևույթներն էլ չկան. Սիսակ Գաբրիելյանն արտերկրից վերադառնալու կոչ է անում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հակոբ Սիմիդյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ից բացակայող ՀՀ քաղաքացիներին տալ հնարավորություն վերադառնալու Հայաստան՝ իրենց հետ ներկրելով մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական իրեր՝ բացառությամբ տրանսպորտային միջոցի:
«Բոլոր այն քաղաքացիները և ոչ միայն ՀՀ քաղաքացիները, եթե վերջին 5 տարվա ընթացքում 1825 օրվանից առնվազն 915-ը բացակայել են ՀՀ-ից, օրենքի ընդունումից հետո կարող են առանց սահմանված 5000 եվրո սահմանաչափի, ՀՀ ներկրել իրենց անձնական գույքը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը: Այս համաճարակը ցույց տվեց, որ ամենաապահով երկիրը Հայաստանն է: Վերջին երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, իհա՛րկե, կան թերություններ, խնդիրներ, բայց այն հիմնական արատավոր երևույթները, որոնց հետևանքով տեղի ունեցան 2018 թվականի փոխությունները, իսպառ բացակայում են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բիզնեսի մեջ փայ մտնելուն և մարդկանց ահաբեկելուն. այս բոլոր երևույթները Հայաստանում իսպառ վերացած են»,- նախագիծը ներկայացրեց հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը՝ կոչ անելով քաղաքացիներին հանգիստ վերադառնալ Հայաստան:
Նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում