«Իշխանությունն ընդունում է օրենքներ, և այն, ինչ պետք է ապօրինի աներ, օրենքով է անում»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց՝ կապված բանկային գաղտնիքի հետ։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ մեր գործող իշխանությունը, քաղաքական թիմը ցուցաբերում է զրոյական հարգանք՝ մարդու անձնական տիրույթի հետ կապված։ Այստեղ խոսքը բանկային գաղտնիքի մասին է, որն ինձ համար՝ մարդու անձնական, նաև՝ ֆինանսական տիրույթի հարց է։ Քիչ առաջ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, որովհետև այն լուրջ խնդիր է առաջացնում, և այս խնդիրները գումարվում են»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ նախկին իշխանություններն ապօրինի ձևով իմանում էին՝ ով որ բանկում ինչքան փող ունի, արժեթուղթ ունի, այսօրվա իշխանությունը, ըստ նրա՝ չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, և այն, ինչ պետք է ապօրինի աներ, օրենքով է անում։

«Հիմա Կենտրոնական բանկը՝ որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ կառավարությունում, ո՞նց է պահելու այս ժամանակաշրջանը, ո՞նց եք պահելու բանկային գաղտնիքը, ո՞նց եք մեր ներդրողներին ձեր քաղաքականությամբ համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անել, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է այնքանով, որքանով որ պետք է պաշտպանված լինի միջազգային չափանիշերով, նաև՝ արժեթղթերի։

Եվ, վերջին հաշվով, այդքան տարիներով լոբբինգ ենք արել, որ՝ ժողովուրդ ջան, բանկերին վստահեք, փողը դրեք բանկեր, տանը մի պահեք, մեկ էլ տեսնում ենք՝ բարձրագույն իշխանությունն անգիր գիտի, ասենք, վերջին հավաքարարից մինչև առաջին բիզնեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում։ Այս համակարգով Դուք ի՞նչ կարող եք անել, որ քաղաքացիների բանկային գաղտնիքի իրավունքը լինի պաշտպանված, և այն քաղաքանակությունը, որի մասին խոսեցի, դրա դեմ կարողանաք կանգնել՝ որպես անկախ մարմնի ղեկավար»,- հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանը։

Ի պատասխան՝ ԿԲ նախագահի թեկնածուն նշեց, որ Մարուքյանի հնչեցրած որոշ մտքեր իր տիրույթից դուրս են․ «Իրավապահների հարցեր եք բարձրացնում. եթե ինչ-որ մարդ կա Հայաստանում, որ գիտի՝ ով ինչքան փող և որտեղ ունի, դա մի քիչ ուրիշ հարց է, խոսակցություն է, որին ես չեմ ուզում մասնակցել։ Ինչ վերաբերում է այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք կան՝ բանկային գաղտնիքի հետ կապված, իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, և ես խորհրդակցել եմ նաև մեր իրավաբանների հետ՝ այն օրենքը, որն այս պահին գտնվում է ՍԴ-ում, ունի հստակ իրավակարգավորումներ։ Նախ՝ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է ինչ-որ գործողություն սկսել։ Եթե ես ճիշտ չեմ ասում, որպես իրավաբան՝ ինձ հետո կուղղեք, և ես դասեր կքաղեմ դրանից։

Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի թուլացմանը, ապա այդտեղ հետևյալ մոտեցումը կա, որ ֆիլտրերը, որոնք դրված են, այսինքն՝ ժամանակին պետք է լինեիր կասկածյալ կամ մեղադրյալ, հիմա այդ ֆիլտրը հանվել է, բայց դրա փոխարեն՝ կա, որ գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա այդ գործերի շրջանակում գնա բանկային գաղտնիքի հետևից, և պետք է ապացուցի, որ դա վերջին ատյանի գործողություն է, ուրիշ ոչ մի ձևով ինքը չի կարող այդ գործն առաջ տանել, եկել-հանգել է մի կետի, որ անկյունաքարայինը բանկային գաղտնիքն է, պետք է կարողանա դատախազը դատավորից համաձայնություն ստանա, նոր գնա այդ գաղտնիքի հետևից»։

Մարտին Գալստյանն ընդգծեց. «Երբ մենք անընդհատ ասում ենք՝ բանկային գաղտնիքի թուլացում, բանկային գաղտնիքի թուլացում, դա շատ ավելի մեծ վնաս է տալիս։ Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո այդտեղ կան ֆիլտրեր, կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ այդ իրավակարգավորումներն իր մեջ ներառում է։

Էդմոն Մարուքյանին Մ. Գալստյանի պատասխանը հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին.

«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ասում եք՝ տնտեսական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամ է, մի՛ ասեք, լռեք, չի գա ճգնաժամը։ Հիմա բանկային գաղտնիքը որ թուլացվել է, ասում ենք՝ թուլացվել է։ Հիմա, եթե չի թուլացվել, բա ինչո՞ւ նախկին իրավակարգավորումները վերանայվեցին։

Օրինակ՝ մարդ, որ ոչ մի քրեական գործով չի անցնում, ինչո՞ւ պետք է կարողանա պետությունը մտնել այդ մարդու բանկային հաշիվները, տեսնել՝ ինչ կա։ Միևնույն ժամանակ, իմանալու է, թե երրորդ անձինք, ովքեր այդ մարդուն գումար են փոխանցել, նրանք ինչ գումար են փոխանցում, ինչ են անում։ Վարչապետը հետաքրքիր բան ասաց՝ դե, բախտի բան է, երբ մեկի հեռախոսը լսում են, էն մյուսը զանգում է, իրեն էլ են լսում։ Ես կարծում եմ, որ այս ոլորտում հումորով չենք կարող առաջ գնալ։ Եվ ուզում եմ՝ որպես ԿԲ նախագահի թեկնածու, երաշխիքներ տաք, որ վերջին հաշվով չի թուլացվում, կամ՝ լավ, թուլացվել է, բայց մենք մի բան կանենք»։

Մարտին Գալստյանն ի պատասխան՝ նշեց, որ այս պահի դրությամբ ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգ չկա։

Տեսանյութեր

Լրահոս