Fitch-ի կանխատեսումը ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «կայուն»-ից «բացասական»-ի սպասված երևույթ է. ԿԲ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի վերանայումը նման գլոբալ ճգնաժամի դեպքում սպասված երևույթ է: Նման տեսակետ այսօր հայտնեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել էր Հայաստանի Հանրապետության էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից դեպի «բացասական», ինչը ենթադրում է ռիսկի մակարդակի բարձրացում, և հաստատել է էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում` կորոնավիրուսի բացասական ազդեցությամբ պայմանավորված:
Ըստ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենի՝ երկարաժամկետ վարկանիշի կանխատեսման նման փոփոխությունը ստեղծված իրավիճակում բնորոշ է ոչ միայն Հայաստանին։
«Այս խնդիրն ընդհանրապես բոլոր երկրներին է բնորոշ: Եթե ուշադրություն դարձնենք՝ Fitch-ը վերանայել է գրեթե բոլոր ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերի ռեյտինգները, վերանայել է բազմաթիվ երկրների ռեյտինգներ, իսկ «Մուդիս»-ը, օրինակի համար, դեռևս սպասում է և քայլեր չի ձեռնարկել, որովհետև բավական մեծ են անորոշությունները:
Համենայն դեպս, սա բնորոշ չէ միայն Հայաստանին և չի վկայում Հայաստանում ռիսկի ավելացման մասին: Սա բնորոշ է բոլոր երկրներին: Այսինքն, մենք տեսնում ենք համատարած ռիսկի մակարդակի բարձրացում, ինչը նորմալ է նման պայմաններում, և այս կարգի գլոբալ ճգնաժամի պայմաններում, ես կարծում եմ՝ դա սպասված երևույթ է, և մենք ունենք միայն հեռանկարի փոփոխություն՝ «կայուն»-ից դեպի «բացասական»-ի, ինչը, կարծում եմ՝ այս իրավիճակում այնքան էլ վատ չէ»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը: