Բաժիններ՝

«Տոյոտա Երևան» ընկերությունը հայտարարություն է տարածել

2020 թվականի ապրիլի 14-ին 1in.am կայքը տարածել է ակնհայտ կեղծ, մանիպուլատիվ և, կարելի է ասել, անգրագետ մի տեղեկատվություն առ այն, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, և, մասնավորապես, այդ ընկերության սեփականատերերը իբր իրենց շնորհել են անձանց տեղորոշելու իրավունք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նյութն առերևույթ նպատակ է հետապնդում արատավորել թե՛ մեր ընկերության և թե՛ մեր սեփականատերերի բարի համբավը, հարկ ենք համարում հանրամատչելի և հանգամանալից անդրադառնալ նյութում նկարագրվածին:

​Այսպես, տարածված նյութում նշվում է՝ ««Տոյոտա Երևան» ընկերության կայքում նշված է, որ իրենք կարող են հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը և որպես հիմնավորում, նշվում է իբրև թե հաճախորդների սպասարկման կատարելագործումը, կայքի բարելավումը և կայքի այցելությունների վիճակագրություն վարելը։ Իսկ թե քաղաքացիների անձնական տվյալների հետ այդ ընկերությունը իրականում ինչպես է վարվում, ոչ ոք չի կարող ասել»:

​Ցանկացած քաղաքացի, առաջին անգամ մուտք գործելով մեր ընկերության կայքը, կարող է տեսնել նկարում երևացող հաղորդագրությունը, որը վերաբերում է cookie-ֆայլերի կարգավորումներին:

Վեբ կայքերի աշխատանքից անգամ մակերեսային պատկերացում ունեցող ցանկացած անձ տեղյակ է, որ cookie-ֆայլերը վեբ կայքերում կիրառվող ամենատարածված գործիքներից են: Աշխարհում գոյություն ունեցող վեբ կայքերի ճնշող մեծամասնությունը օգտագործում են cookie-ֆայլեր: Դրանց կիրառությունը սկսվել է դեռևս 1994 թվականից: cookie-ֆայլերի մասին տեղեկությանը կարող եք մանրամասն ծանորանալ հետևյալ հղումով՝
2002 թվականին Եվրոպական Միությունը համապատասխան հանձնարարական է թողարկել՝ (), ըստ որի՝ cookie-ֆայլեր կիրառող վեբ կայքերը պետք է նախապես տեղյակ պահեն օգտատիրոջը դրա մասին և թույլատրեն օգտագործումը մասամբ մերժելու հնարավորությունը:

Հիմնվելով վերոնշյալ՝ աշխարհում վաղուց հայտնի և ընդունված կարգավորման վրա՝ toyota.am կայքը ինչպես տեղեկացնում է իր այցելուներին cookie-ֆայլերի օգտագործման մասին, այնպես էլ տալիս է պահանջվող բոլոր կարգավորումները անելու հնարավորություն, ինչը կարող եք անել հետևյալ հղումով:

Միևնույն ժամանակ, այս նյութը տարածող և մեր ընկերությանը մեղադրող 1in.am կայքը նույնպես օգտագործում է cookie-ֆայլեր (ինչի մեջ կարող է համոզվել ցանկացած օգտատեր, վեբ բռաուզերի որոշակի կարգավորումներին ծանոթ լինելու պարագայում), սակայն այդ մասին 1in.am-ն իր օգտատերերին չի զգուշացնում, ավելին՝ չի տալիս դրանց օգտագործումը մասամբ մերժելու հնարավորություն:

​Կարևոր ենք համարում նշել նաև, որ cookie-ֆայլերը որևէ առնչություն չունեն անձանց տեղորոշելու հետ, ինչպես պնդում է 1in.am կայքը, ո՛չ մեր ընկերության, ո՛չ 1in.am կայքի և ո՛չ էլ որևէ այլ կայքի պարագայում: Սակայն լրատվականի կողմից այլ անձանց «մահացու» մեղքերում մեղադրելը, այն դեպքում, երբ իրենք կիրառում են նույն տեխնոլոգիաները՝ առանց իրենց օգտատերերին զգուշացնելու, առնվազն հարցեր է առաջացնում:

​Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ toyota.am կայքը տնօրինվում է ոչ թե «Տոյոտա Երևան» ընկերության, այլ տարածաշրջանային դիստրուբյուտորի կողմից, և 1in.am կայքը այս կեղծ մեղադրանքը ակամայից ուղղել է նախ և առաջ գլոբալ «Toyota Motor Corporation» ընկերությանը:

​Ամփոփելով՝ հայտնում ենք, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները պատրաստվում է օգտագործել «Toyota Motor Corporation» ընկերության, «Տոյոտա Երևան» ընկերության և իր բաժնատերերի բարի համբավը պաշտպանելու նպատակով:

«Տոյոտա Երևան» ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս