
Արցախում ընտրությունների մասնակիցներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցող քաղաքացիներին ընտրական տեղամասերում հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ Այս մասին հայտնել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանը:
«Տեղամասում, իհարկե, կուտակումներ չկան, սակայն հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը: Հանձնաժողովի անդամները պարտադիր կերպով բոլոր ընտրողներին տրամադրում են դիմակ, անհատական գրիչ և ձեռնոց: Նշեմ, որ ընտրատեղամասում ընտրություններին հետևում են ինչպես դիտորդներ, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մինչ այս պահը նրանց կողմից որևէ խախտում չի արձանագրվել, և քվեարկության ընթացքը բնականոն հունով է ընթանում»,- ասել է Պետրոսյանը:
Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 119 քաղաքացի: