Ո՞վ պետք է պատասխանի Հայաստանին, «Գազպրո՞մը», թե՞ Պուտինը
«Հայաստանի՝ գազի սակագինը փոխելու հայտին պետք է արձագանքի «Գազպրոմ» ընկերությունը՝ որոշմանը տալով տնտեսական հիմնավորում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի միջամտությամբ կլուծվի՞ ՀՀ մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հույս էր հայտնել, որ ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակով «Գազպրոմ»-ի ղեկավարին ուղարկված ՀՀ մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հայտը բավարարվի։ Նամակում հայկական կողմը հայտ էր ներկայացրել՝ գազի սակագինը համաշխարհային էներգետիկ շուկայում գազի ներկայիս գներին համապատասխանեցնել, ինչպես նաև գնումը կատարել ռուբլով՝ դոլարի փոխարեն։
Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ չնայած քաղաքական շղարշին և իրականում այս հարցում քաղաքական և տնտեսական բաղադրիչների միախառնվածությանը, հայկական կողմին, այնուամենայնիվ, պետք է և կպատասխանի «Գազպրոմ» ընկերությունը։
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի Կրեմլի հաղորդագրությունում որևէ խոսք չի եղել այդ մասին, կարող է ունենալ մի քանի բացատրություն. առաջինն այն է, որ թեման շոշափել է հայկական կողմը, որի վերաբերյալ ռուսական կողմը դեռ որևէ ասելիք չունի, երկրորդը՝ ՌԴ ղեկավարությունը խուսափել է «Գազպրոմ»-ին հասցեագրված հայտի քննարկումից, հատկապես, եթե դա դիտարկվում է՝ որպես տնտեսական հարց, երրորդ՝ Ռուսաստանը չի կարևորել այդ հարցը և տարածել է նախապես իր պատրաստած հաղորդագրությունը։
«Եթե Հայաստանը պնդում է, որ սա տնտեսական հարց է, որ որոշումը պետք է տնտեսական հիմնավորվածություն ունենա, պետք չէ քաղաքականացնել, ուրեմն «Գազպրոմ»-ի կողմից պետք է տրվի տնտեսական հիմնավորում յուրաքանչյուր որոշման դեպքում, այս դեպքում ղեկավարության միջամտությունն էլ կքաղաքականացնի թեման և կլինի ավելորդ։
Հաշվի առնելով նաև պահի զգայունությունը, տնտեսական գնահատականի կարևորությունը մեծանում է։ Այստեղ, կարծում եմ, բանակցությունների ընթացքում պետք է նաև քննարկվի հետևյալ հարցը՝ երբ գազի համաշխարհային գները բարձր էին, Հայաստանի համար գազի սակագինն էականորեն էժան էր, հիմա էժան են, Հայաստանը ևս էժան սակագին է ցանկանում, բայց սակագները նույնը չեն մնալու, ուստի նույնիսկ ոչ տնտեսագետի համար հասկանալի է, որ պետք է կամ ժամանակավոր լուծում, կամ պետք է գները մնան նույնը՝ հաշվի առնելով, որ դրանք միշտ են ցածր եղել, կամ այդ գները միշտ պետք է կախված լինեն համաշխարհային գներից, այսինքն՝ չպետք է բացառել նաև, որ դրանք կարող են աճել։ Ուստի կարծում եմ, որ այս ամենն իսկապես տնտեսական բնույթի բանակցությունների առարկա պետք է դառնա և որոշվի ամենալավ լուծումը թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար»,- ասաց Լուկիանովը։