Բաժիններ՝

Իշխանությունը գործատուներին չի սիրում, չի վստահում, թե․․․

Լսեցի երկրի վարչապետի ելույթը արտակարգ դրությունը երկարացնելու մասին: Անսպասելի ոչինչ չկար, և ես չեմ փորձում վիճարկել երկարացնելու անհրաժեշտությանը: Պարզապես, ինչպես ցանկացած պատասխանատու գործատու սկսեցի մտահոգվել աշխատողների մասին, առնվազն այն աշխատողների, որոնց աշխատանքը հնարավոր չէ հեռավար եղանակով կազմակերպել:

Առաջին ողջամիտ ու ամենապարզ միտքը, որ գլխովս անցավ, համավարակի հետևանքով ժամանակավոր աշխատանքը կորցրած մեր աշխատողներին, ընկերության հնարավորությունների չափով, միանվագ օգնություն տրամադրելն էր: Բայց երբ սկսեցի նախնական հաշվարկ անել, շատ արագ հասկացա, որ հաշվարկիս պետք է գումարեմ առնվազն 23% եկամտային հարկ։ Դա դեռ չարյաց փոքրագույնն է 18% էլ պիտի գումարեմ, որպես շահութահարկ, որովհետև աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել:

Համավարակի, ինչպես ցանկացած ճգնաժամի ընթացքում, առավել ակնհայտ են դառնում առկա կարգավորումների թերությունները: Միտք արեցի ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ իշխանությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձևակերպի որպես աշխատավարձ, պարգևավճար կամ որևէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությունը։ Կարճ ասած՝  պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել և ճիշտ ձևակերպել իր և իր աշխատակիցների հարաբերությունները, այնինչ պետք է լինի հակառակը:

Առնվազն տարօրինակ է, որ  աջ ու ձախ օրենսդրական պոպուլիստական նախաձեռնություններով հանդես եկող կառավարության ու պատգամավորներից որևէ մեկի մտքով չի անցնում,  օրենքի նախագիծ բերել ազգային ժողով՝ արտակարգ դրության ընթացքում գործատուների կողմից՝ ժամանակավորապես չաշխատող աշխատողներին օգնություն տրամադրելու դեպքում տվյալ գումարի չափով գործատուներին հարկերից ազատելու վերաբերյալ (այսինքն՝ այն դեպքերում երբ գործող օրենսդրությամբ աշխատողը չի կարող կատարել իր պարտականությունները, իսկ գործատուն պարտավոր չէ վճարել, սակայն որոշում է ամեն դեպքում համապատասխան օգնություն տրամադրել): Դեռ չեմ խոսում ընդհանրապես այլ դժբախտ դեպքերի, հարազատ կորցնելու կամ այլ առիթներով գործատուի կողմից տրվող օգնությունը հարկելու  տխուր քաղաքականության մասին:

Իշխանական պատգամավորների ու բարձր պաշտոնյաների շուրթերից առավոտից երեկո լսվող «ժողովուրդ մենք ձեզ սիրում ենք» արտահայտության հիմնավորումը գործով ապացուցելու հնարավորություններից մեկն է՝ այս խնդրի լուծումը: Ժողովրդին սիրող կառավարությունը առաջին հերթին պետք է սիրի ու փայփայի ժողովրդին գործ ապահովող և աշխատավարձ վճարող գործատուին: Միայն հանրային համերաշխության (ներառյալ սոցիալական համերաշխության) շրջանակներում է հնարավոր լուծել առկա սոցիալական և տնտեսական խնդիրները, ապահովել պետության և հասարակության զարգացումը:

Վերջերս մեկ այլ օրենքի նախագիծ էի առաջարկել կարանտինի ընթացքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի սահմանման մասին, քանի որ Սահմանադրությամբ իրեն սոցիալական հռչակած պետությունը՝ կարանտինի ուղարկած անձանց պարտավոր է ժամանակավոր անաշխատունակության գումար վճարել, ինչին նույնպես անդրադարձ չեղավ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Ավարտում էի ասելիքս, երբ ֆեյսբուքյան ուղիղ եթերով լսեցի ՀՀ վարչապետի այն հավաստիացումը, թե՝ մեր բոլոր ցավերը իր սրտում են և մեր բոլորի դժվարությունները իր մտքում։ Հուսով եմ, որ նկատի ունի նաև գործատուների ցավերը և դժվարությունները, ու այս դժվարությունների և արդար ցավերի լուծմանը հետամուտ կլինի:

Սեդրակ Ասատրյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս