Բաժիններ՝

ՀՀ-ի համար ակնհայտ ձեռնտու է գազի դիմաց ռուբլով վճարելը. Մհեր Գրիգորյան

Ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատերերից մեկի հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլով: Վարչապետը փոխանցել էր, որ այդ հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք անընդհատ խոսում ենք ԵԱՏՄ-ում դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև հիմա ռուսական գազի համար մենք վճարում ենք դոլարով։ Մեր առաջարկը եղել է այն, և ես այսօր էլ կրկնել եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գազի դիմաց ռուբլով վճարենք, որովհետև դա, կարծում եմ, ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքստում։ Հույս ունենանք, որ այդ բանակցությունները հաջող կլինեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու տնտեսական նշանակության մասին այսօր խոսեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինչ վերաբերում է վճարման արժույթին, այդ խնդիրն այսօր առնվազն՝ որպես ռազմավարական պրոբլեմատիկ խնդիր, որը ենթադրում է լուծումներ, արձանագրված է նաև ԵԱՏՄ ռազմավարական փաստաթղթերում: Պարբերաբար քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում և քննարկվում է որպես խնդիր՝ ոչ միայն Հայաստանի, այլև՝ ԵԱՏՄ ևս մի քանի երկրի համար:

Եվ ինչ վերաբերում է դրա տնտեսական իմաստին, ապա, իհարկե, արժութային-արտարժութային քաղաքականության իմաստով՝ շատ ավելի ձեռնտու է էներգակիր ներկրող երկրի համար, որպեսզի վճարումն իրականացվի լոկալ արժույթով կամ գոնե այն երկրի արժույթով, որտեղից որ ներկրվում է էներգակիրը՝ գոնե այն պարզ պատճառով, որ սպառող երկրի կամ մատակարարող երկրի արժութային տատանումները որևէ անմիջական, միանգամից, այսինքն՝ տատանումները արտարժույթի, իսկ մեր պարագայում դոլար է, դոլարի նկատմամբ՝ չեն հանգեցնում գնի տատանմանը, փոփոխմանը:

Եվ, ընդհանուր առմամբ, ի վերջո, էներգակիրները զբաղեցնում են զգալի չափ առևտրի հաշվեկշռում, և, եթե մենք ենթադրում  կամ ցանկանում ենք, որպեսզի մեր ԵԱՏՄ-ի ներսի առևտրում կամ երկկողմ առևտրում, տվյալ պարագայում՝ Ռուսաստանի ազգային արժույթներով վճարումների ծավալը աճի, դա, կարծում եմ, որ ակնհայտ ձեռնտու կլինի:

Տվյալ պարագայում, իհարկե, խոսակցությունը պետք է նախևառաջ սկսել էներգակիրներից: Ըստ որում, այստեղ միայն գազի մասին չի խոսքը: Նաև դիզվառելիքի մասին է խոսքը, որը ներկրվում է Ռուսաստանից, այլ վառելիքի մասին, և այլն:

Իհարկե, մեր ցանկությունն է՝ բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ հարթակում: Իսկ հնարավորության դեպքում՝ նաև օր առաջ բերել, նախևառաջ, ՀՀ դրամով վճարման հնարավոր պայմանավորվածությունների, եթե՝ ոչ, ապա գոնե ռուսական ռուբլով վճարման պայմանավորվածության»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ հիմա ԵԱՏՄ հարթակում բավականին ինտենսիվ են ընթանում նման քննարկումները:

«Իսկ ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններում Ռուսաստանին, ապա դեռևս հայկական կողմից առաջարկի տեսքով է դա, չնայած, որ բանավոր քննարկումներում պարբերաբար դա հնչեցվել է»,- հավելեց Մ. Գրիգորյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս